YouTube-ը «հաղթել» է Բեռլուսկոնիին

10:13 • 25.09.10

YouTube տեսապորտալը պատասխանատվություն չի կրում կոնտենտի համար, որը կայքում տեղադրում են օգտվողները: Այսպիսի որոշում է ընդունել Մադրիդի դատարանը` ըստ իսպանական Telecinco հեռուստաընկերության ներկայացրած հայցի: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը:

Դատավորների կարծիքով` YouTube-ն ի վիճակի չէ վերահսկել կայքում ներբեռնվող բոլոր տեսանյութերը: «Իսկ քանի որ տեսանյութերի մատակարարը հենց պորտալը չէ, ապա նա պարտավոր չէ հետևել նյութի օրինականությանը»,- ասված է վճռում: YouTube-ի հիմնական խնդիրը հեղինակային իրավունքների պաշտպանությունն է: Ֆայլերը, որոնցում տեսանյութերն ու աուդիոնյութերն օգտագործվում են` առանց դրանց իրավական սեփականատերերի համաձայնության, կհեռացվեն կայքից:
Հիշեցնենք, որ YouTube-ի դեմ հայցը դատարան էր ներկայացվել 2008թ. Սիլվիո Բեռլուսկոնիին պատկանող Mediaset կորպորացիայի իսպանական Telecinco հեռուստաընկերության կողմից: Ընկերությունը տեսապորտալին մեղադրում էր մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ:

Ինչպես հաղորդում է «Կապիտալ» օրաթերթը, ըստ հայցի` YouTube-ում պարբերաբար հայտնվում են տեսանյութեր, որոնց նկատմամբ հեռուստաընկերությունն ունի բացառիկ իրավունքներ: Ի դեպ` YouTube-ի համար դատական գործընթացները «նորություն» չեն: Այսպես՝ 2010թ. մարտին Viacom մեդիահոլդինգը դիմում էր ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան, որում նշվում էր, որ ռեսուրսը խախտում է հեղինակային իրավունքները: Դատարանն ընկերության հայցը չէր բավարարել:

YouTube-ը «հաղթել» է Բեռլուսկոնիին