Հայկական շուկայում իրացվող հացամթերքի 1/3–ն անհայտ ծագում ունի
Եթե եվրոպացին օրական սպառում է 50–100 գրամ հացամթերք, ապա հայերը՝ 300–400 գրամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
«Ճաշելիս մենք ասում ենք. գնանք հաց ուտենք։ Դա նշանակում է, որ մենք հաց ուտող ժողովուրդ ենք», – նկատեց նա։
Ըստ նրա, եթե 2006թ. հացամթերք պատրաստելիս Հայաստանում օգտագործում էին անհայտ ծագման բարելավիչներ, ապա այսօր օգտագործվում են Եվրոպայից ներկրած բարելավիչներ։
«Սակայն դրանց օգտագործումը կանոնավոր չէ. շերեփով լցնում են, անգամ չեն կշռում», – նշեց Հակոբյանը։
Ըստ նրա՝ նմանատիպ բաղադրիչները երիկամներում և լյարդում կուտակումներ են առաջացնում, ինչը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների։
Ասոցիացիայի նախագահը հավելեց, որ այդ բարելավիչներն արագացնում են հացի խմորի հաունացումը, ինչը, իհարկե, բնական չէ։
Նա նաև տեղեկացրեց, որ ասոցիացիան սկսել է խորացված ուսումնասիրել հացամթերքի շուկան դեռ 2006–ից։
«Արտադրանքի մեծ մասը չի համապատասխանում անհրաժեշտ որակին», – նշեց նա։
Իր հերթին, ասոցիացիայի մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը հավելեց, որ շուկայում իրացվող հացամթերքի 1/3–ն անհայտ ծագում ունի։
«Խախտվել է հացի պատրաստման ավանդական տեխնոլոգիան»,– ասաց նա՝ նշելով, որ արտադրողները հացին լավ տեսքի համար օգտագործում են փխրեցուցիչներ։ Այդ փխրեցուցիչների օգտագործումը հացին լավ տեսք է տալիս, ինչը, սակայն, խաբուսիկ է։










