Վենեսուելան և Ռուսաստանը ԱԷԿ-ներ կկառուցեն

16:25 • 15.10.10

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու նպատակով։

Չավեսն ասել է, որ իր երկիրը հիացած է ռուս ժողովրդով և հայտնել, որ բանակցություններում քննարկվելու են էներգետիկ և ռազմական համագործակցության հարցեր։

«Էնեգետիկ ոլորտը Ռուսաստանի և Վենեսուելայի համար ռազմավարական կարևորություն ունի։ Այս հարցում Կարակասը կհամագործակցի Մոսկվայի հետ»,– հայտարարել է Չավեսը՝ նշելով, որ Վենեսուելան հետաքրքրված է խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացմամբ, սակայն չի պատրաստվում ատոմային ռումբ ստեղծել։

Նա նաև հայտնել է, որ ռուս–վենեսուելական համագործակցության արդյունքում այսօր արդեն ատոմային էլեկտրակայաններ կառուցելու ուղղությամբ նախագծեր են մշակվում։

Չավեսը տեղեկացրել է նաև, որ Petroleos de Venezuela SA նավթային ընկերությունը պատրաստվում է Ռոսաստանին վաճառել Գերմանիայում նավթավերամշակման գործարանների իր մասնաբաժինը։

Ռազմա–տեխնիկական համագործակցության առնչությամբ Չավեսը հայտարարել է, որ այս տարեվերջին և 2011թ. սկզբին կսկսի Վենեսուելա մտնել նոր ռազմական տեխնիկա՝ ժամանակակից տանկերի մի քանի գումարտակ և հակաօդային պաշտպանության սարքավորումներ։

Հանդիպման ավարտին Չավեսը մտադիր է ստորագրել «Գործողությունների պլան», որը երկու երկրների միջև մինչև 2014 թ. համագործակցության հիմք կդնի։
 

Վենեսուելան և Ռուսաստանը ԱԷԿ-ներ կկառուցեն