Orange-ը սահմանում է նորարարության մրցանակ հայ ուսանողների համար
Orange-ը հիմնում է Orange նորարարության մրցանակ հայ ուսանողների համար: Այս մասին հայտարարել են «Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ, Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:
Orange Նորարարության մրցանակին կարող է արժանանալ Երևանի պետական համալսարանի կամ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մեկը, ով հաղթող կճանաչվի նորարարական նախագծերի մրցույթում: Հաղթողը հնարավորություն կստանա մինչև վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում և աշխատել նորարարական նախագծերի վրա: Ուսանողներն իրենց հայտերն ու նախագծերը կներկայացնեն Orange Արմենիայի գրասենյակ: Նախագիծը հաստատվել է երեք տարվա համար` հետագայում երկարացման հնարավորությամբ: Առաջին մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ:
Հայաստանյան այցի շրջանակներում Իվ Տիրոդը հանդիպել է Հայաստանի այն երկու մեծ կրթական հաստատությունների` ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի ռեկտորներին, որոնք պատրաստում են հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ, և ներկայացրել է նրանց Տեխնոկենտրոնի գործունեությունը և Orange Labs-երում հայ ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները:
«Հայաստանը առանձնահատուկ երկիր է Ֆրանս Տելեկոմ Խմբի համար: Շատ կարճ ժամանակահատվածում Orange Արմենիան շշմեցուցիչ աշխատանք է կատարել նորարարության ոլորտում և կարողացել է գործարկել բազմաթիվ նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնք նույնիսկ շատ եվրոպական զարգացած շուկաներում դեռևս գոյություն չունեն: Ես զարմացած եմ տեսնել, թե հայերը որքան են կարևորում և որոնում նորարարություններ և նոր տեխնոլոգիաներ: Սա նաև մի երկիր է, որն ունի նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, և մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք այդ գաղափարներին իրականություն դառնալ»,- ասել է Իվ Տիրոդը:
««Orange Արմենիան» մեծ միջազգային Խմբի մասն է կազմում, ինչը թույլ է տալիս մեզ ունենալ համաշխարհային ամենավերջին նորարարությունները: Մենք շատ ուրախ ենք Տեխնոկենտրոնի հետ այս սերտ համագործակցության և ցուցաբերած մշտական աջակցության համար: Մեր այնպիսի նորարարական ապրանքներ և ծառայություններ, ինչպես HD ձայնը, Ֆլայբոքսը, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետը և այլն այստեղ գործարկվել են Տեխնոկենտրոնի հետ սերտ համագործակցությամբ: Մենք նաև ուրախ ենք լինել միջնորդ հայ տաղանդավոր ուսանողների համար, որպեսզի նրանք իրենց հմտությունները խորացնեն Տեխնոկենտրոնում»,- ասել է «Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange Labs-երը Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ, շուկայագետներ, դիզայներներ`4 մայրցամաքների 18 երկրներում: Տարեկան 350 պատենտ ունեցող պորտֆոլիոյով նրանք նպաստում են նորարարական և հեշտ օգտագործվող ինտեգրված ծառայությունների նոր սերնդի զարգացմանը: Տեխնոկենտրոնը, օգտվելով Orange Labs-երում ստեղծված գաղափարներից և տեխնոլոգիաներից, մշակում և առաջարկում է ճիշտ ապրանքներն ու ծառայություները ճիշտ պահին, Orangе-ի գործունեության տիրույթում որքան հնարավոր է շատ երկրների համար: Տեխնոկենտրոնի` 22 ազգության 450 աշխատակիցներն աշխատում են Փարիզում, Լոնդոնում և Ամմանում:
Տեխնոկենտրոնի ամենատպավորիչ նմուշների ընտրանին կցուցադրվի Երևանում Orange Expo ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցկացվի Orange-ի գլխավոր խանութում հոկտեմբերի 15-17-ը և բաց կլինի լայն հանրության համար:










