Հայտնի են «Լավագույն հայկական կրթօջախ»-ի հաղթողները

20:54 • 18.10.10

ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացված մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողության ժամանակ այսօր պարգևներ են հանձնվել «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթում հաղթողներին:

«Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգի մրցույթին հայտ էր ներկայացրել 62 կրթական հաստատություն, որոնցից 31-ը մեկօրյա, 31-ն՝ ամենօրյա դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ:

Ամենօրյա դպրոցներից գլխավոր մրցանակի է արժանացել Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանը (Լիբանան Բեյրութ (Անթիլիաս)), մրցանակներ են ստացել Ազգային Քարեն Եփփէ ճեմարանը (Սիրիա, Հալեպ), «Քանանեան» օրիորդաց դպրոցը (Իրան, Նոր Ջուղա), Սոչիի թիվ 31 միջնակարգ դպրոցը (ՌԴ, Սոչի)։

Մեկօրյա կրթօջախներից գլխավոր մրցանակ է ստացել Հայկական կիրակնօրյա դպրոցը (ՌԴ, Ուֆա), մրցանակների են արժանացել Մ.Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը (Ուկրաինա, Օդեսա), Ստեղծագործական զարգացման և հումանիտար կրթության «Էթնոս» կենտրոնը (ՌԴ, Տյումեն), Գէորգ Թահթաեան կիրակնօրեայ ազգային վարժարանը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն):

Նշենք, որ «Հայաստան հիմնադրամի» խրախուսական մրցանակներ են շնորհվել Մխիթարյան վարժարանին (Բուենոս Այրես, Արգենտինա), Կրասնոդարի «Խաչքար» հայկական մշակութային կրթական կենտրոնին, Մարդասիրական ճեմարանին (Հնդկաստան, Կալկաթա), Բառնաուլի հայկական կիրակնօրյա դպրոցին (ՌԴ, Ալթայի երկրամաս), իսկ «Հանրագիտարան հիմնադրամն» իր խրախուսական մրցանակը՝ հանրագիտարանի քառահատորը, նվիրեցլ է Թբիլիսիի N131 հայկական դպրոցին (Վրաստան):

Ինչպես Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի բոլոր լրատվամիջոցներին ու մասնակից լրագրողներին, այնպես էլ մրցանակաբաշխությանը հայտ ներկայացրած բոլոր կրթօջախներին շնորհվել է «Մասնակցության համար» ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր:
 

Հայտնի են «Լավագույն հայկական կրթօջախ»-ի հաղթողները