Facebook-ի այցելուների անձնական տվյալները հայտնվել են գովազդային գործակալություններում
Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցի՝ Facebook-ի այցելուների տվյալները հասանելի են դարձել գովազդային գործակալություններին։
Wall Street Journal –ի հետաքննությունը ցույց է տվել, որ այցելուների տվյալները հավաքում և փոխանցում են սոցցանցի հավելվածները։
Լրագրողները պարզել են, որ այդ հավելվածները, առանց այցելուների իմացության, հավաքել են իրենց յուրօրինակ իդենտիֆիկատորները։ Ինքնին դրանք, ճիշտ է, անձնական տվյալներ չեն պարունակում, քանի որ դրանք թվանշանների հավաքածու են, սակայն եթե այդ իդենտիֆիկատորները դրվեն կայքի անվանումից՝ www.facebook.com –ից հետո, ապա կարելի է մտնել այցելուի անձնական էջը։
Այդ իդենտիֆիկատորները ուղարկվել են ամենաքիչը 25 գովազդային ընկերության։ Ընդ որում, որոշ ընկերություններ դրանք օգտագործել են ինտերնետ–այցելուների տվյալների բազայի կազմման համար՝ գովազդային քարոզարշավ իրականացնելու նպատակով։
Ընդհանուր առմամբ, գովազդատուների ձեռքի տակ է հայտնվել Facebook –ի մի քանի տասնյակ միլիոն այցելուների անձնական տվյալ։
Ի դեպ, այդ ցանկի մեջ են մտել ինչպես նրանք, ովքեր սահմանել են մասնավորության ամենախիստ կարգավորումները, այնպես էլ նրանք, որոնց անձնական տվյալները բաց են բոլորի համար։
Առաջին դեպքում իդենտիֆիկատորի միջոցով այցելուի Facebook –ի անձնական էջ այցելելու միջոցով հնարավոր է իմանալ այցելուի անունը, իսկ երկրորդ դեպքում՝ նաև այն, թե որտեղ է նա ապրում, ինչպես նաև մատչում ունենալ նրա ընկերների ցանկին։
Facebook–ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման պրակտիկան սոցցանցի օրենքների խախտում է։ Նրանք խոստացել են, որ նման հավելվածները սոցցանցից մոտ ապագայում կջնջվեն։










