ԱՄՆ-ն չինական ընկերություններին կասկածում է Իրանի հետ համագործակցելու համար

14:06 • 19.10.10

ԱՄՆ–ն դիմել է Չինաստանի կառավարությանը՝ խնդրելով առավել ակտիվ քայլեր ձեռնարկել Իրանի հետ չինական մի շարք ընկերությունների համագործակցությունը կանխելու ուղղությամբ։

Ամերիկյան բարձրաստիճան մի պաշտոնյա BBC–ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնը Պեկինին է ներկայացրել այն ընկերությունների ցանկը, որոնք կասկածվում են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանն աջակցելու համար։

Պեկինը պատասխանել է, որ հանդես է գալիս պատժամիջոցներին հետևելու օգտին և խոստացել է հետաքննություն իրականացնել։

Ենթադրվում է,որ չինական ընկերությունները գործել են առանց Չինաստանի իշխանության իմացության։

Հիշեցնենք, որ հունիսին, ՄԱԿ–ի ԱԽ–ն չորրորդ անգամ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց՝ ուրանի հարստացման ծրագրից վերջինիս չհրաժարվելու պատճառով։

Կիրակի, Washington Post–ը հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ մի քանի չինական ընկերություններ և բանկեր համագործակցում են Իրանի հետ՝ հատկապես հռթիռաշինության բնագավառում վերջինիս գաղտնի տեխնոլոգիաներ փոխանցելով։

Ըստ Washington Post–ի, ևս մեկ պաշտոնյա, որի անունը չի նշվում, հայտնել է, որ չինական ընկերությունները մեղադրվում են Իրանին բարձրակարգ ածխածնային մանրաթելեր վաճառելու համար. այդ մանրաթելերն անհրաժեշտ են ուրանի հարստացման համար առավել կատարյալ ցենտրիֆուգ ստեղծելու համար։

Հիշեցնենք, որ կիրակի Ահմադինեժադը հայտարարարել է, որ պատաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները Արևմուտքի հետ։


 

ԱՄՆ-ն չինական ընկերություններին կասկածում է Իրանի հետ համագործակցելու համար