Վրացիներն իրենց «Էյֆելյան աշտարակը» կկառուցեն
Բաթումում կկառուցվի վրացական այբուբենի աշտարակ։ Շենքի հիմնաքարն այսօր դրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նա նոր աշտարակը համեմատել է Փարիզի Էյֆելյան աշտարակի հետ և քաղաքի ղեկավարությանը հանձնարարել է ավարտել շինարարությունը 5 ամսում։ Ըստ նրա՝ շինարարությունն իրականացվում է պետական և մասնավոր ներդրումներով։
«Դա կլինի պտտվող ռեստորան, ինչպես ընդունված է աշխարհի առաջատար երկրներում, բայց՝ կառուցված վրացական գաղափարով։ Աշտարակի իմաստը հետևյալն է. վրացական այբուբենը մեր գենետիկ կոդն է։ Այսօրվանից Թբիլիսին չի լինի միակ քաղաքը, որն ունի սեփական ֆունիկուլյոր և հեռուստաաշտարակ»,- նշել է Վրաստանի ղեկավարը։
Աշտարակի բարձրությունը կլինի 130 մետր։ Դրանից կախված կլինեն վրացական տառեր։ Վերևի հատվածում կլինեն սրճարաններ, ռեստորաններ և աստղադիտարան։ Մեկ ժամում աշտարակի վերին հատվածը մեկ ամբողջական պտույտ կկատարի, ինչը հնարավորություն կտա այցելուներին վայելել Բաթումի համայնապատկերը։










