Հողերի դեգրադացիան կանխելու և կենսաբազմազանությունը պահպանելու համար Հայաստանը 10 մլն դոլար դրամաշնորհ կստանա

16:56 • 20.10.10

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 2011-2015թթ. համար Հայաստանին կատկացնի ևս 10 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբուտը` հավելելով, որ այդ գումարը կուղղվի հողերի դեգրադացիայի կանխմանը և կեսաբազմազանության պահպանությանը։ Միջոցառումներ կիրականցվեն նաև կլիմայի փոփոխության մասով։

Հիմնադրամին անհանգստացնում է հատկապես Հայաստանի հողերի վիճակը: Մոնիկ Բարբուտը նշեց, որ Հայաստանը համարվում է չոր հողեր ունեցող երկիր. այստեղ հողերն արագ դեգրադացիայի են ենթարկվում։

2005-ից հիմնադրամի միջոցներով Հայաստանում ավելի քան 20 մլն դոլարի 17 բնապահպանական ծրագիր է կյանքի կոչվել, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են։ Հայաստանին ուղղված հատկացումների ծավալը, ըստ Մոնիկ Բարբուտի, ավելացվում է։ Դա հիմնադրամի ղեկավարը բացատրեց իր ղեկավարած կառույցի՝ զարգացող երկրների նկատմամբ վարվող նոր քաղաքականությամբ։ Ըստ նրա՝ նախկինում զարգացած երկրները ավելի հիմնավոր ծրագրեր էին ներկայացնում և ստանում հիմնադրամի դրամաշնորհների մեծ մասը։ Արդյունքում՝ Հայաստանի նման երկրներին չնչին գումար էր բաժին հասնում։ Այսօր, սակայն, հզոր երկրների հզոր ծրագրերին գերակայություն չի տրվում։

«Այժմ կարգն ուրիշ է. փոքր երկրները հնարավորություն ունեն 3 տարվա ընթացքում կազմել իրենց ծրագրերը և ստանալ իրենց ֆինանսավորումը։ Նրանց գումարներն այլ երկրների չեն հատկացվի»,- ընդգծեց բանախոսը։

Ըստ Բարբուտի, հիմնադրամը ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուժեղ մեխանիզմներ ունի։ «Երբեք երկու անգամ գումար չենք հատկացնում նույն ծրագրին, եթե նկատում ենք, որ նախորդ ծրագիրը ժամանակին և որակով չի իրականացվել»,- ընդգծեց նա։

Հողերի դեգրադացիան կանխելու և կենսաբազմազանությունը պահպանելու համար Հայաստանը 10 մլն դոլար դրամաշնորհ կստանա