Սթիվ Ջոբսը քննադատում է Google-ին
Ըստ ֆինանսական 4-րդ եռամսյակի արդյունքների` Apple-ը ռեկորդային շահույթ և հասույթ է ստացել, սակայն iPad պլանշետնիկների վաճառքները չեն հասել անգամ կանխատեսվող նիշերին (երեք ամսվա ընթացքում 4,2 մլն պլանշետնիկ` կանխատեսվող 5 մլն-ի փոխարեն): Ընկերության եռամսյակային արդյունքները չեն օգնել, և Apple-ի բաժնետոմսերը նախօրեին` առևտրաշրջանի ընթացքում, էժանացել են ավելի քան 6%-ով:
Ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը խիստ քննադատել է հեռահաղորդակցորդների և պլանշետների գործառնական համակարգերի շուկայում իր գլխավոր մրցակցին` Google-ին, և նրա Android համակարգը: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Ջոբսի կարծիքով` Android-ի գաղափարախոսությունը, ընդհանուր առմամբ, «արատավոր» է, իսկ գործառնական այս համակարգով պլանշետնիկներ օգտագործողներին հիասթափություն է սպասվում: Նշենք, որ պլանշետնիկների տասնյակ նոր մոդելներ կթողարկվեն առաջիկա ամիսներին:
Apple-ի տնօրենի խոսքով` դրանց 7-դույմանոց էկրանները չափազանց փոքր են հարմարավետ օգտագործման համար, մինչդեռ Apple-ը որոշել է մեծացնել իր iPad-ը հենց այդ պատճառով: Ջոբսը Android-ի «բացվածության» առավելության մասին Google-ի հայտարարությունն «աչքին թոզ փչել» է անվանել: Այդ հայտարարությունը, ըստ նրա, միտում ուներ թաքցնել այս ծրագրային համակարգի` Apple-ի iOS-ից ընդհանուր արդյունավետությամբ հետ լինելը: Նա նախազգուշացրել է ծրագրային մշակման մասնագետներին սարքային տարբեր բազաների պատճառով Google-ի գործառնական համակարգի հավելվածների մշակման ընթացքում հանդիպելիք դժվարությունների, դրանց տարածման հետ կապված խնդիրների մասին, իսկ օգտագործողներին` Apple-ի համեմատ դրա ծրագրերի ցածր որակի մասին:
Բացի iPad-ից` Apple-ը 4-րդ եռամսյակում վաճառել է 14,1 մլն iPhone սմարթֆոն, ինչը 91% բարձր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Սա եռամսյակի ընթացքում ընկերությանն ապահովել է $8,8 մլրդ-ի վաճառք և գերազանցել է շուկայի սպասումները: Իրացվել է 3,9 մլն Mac համակարգիչ, ինչը 28%-ով բարձր է նախորդ տարվա նույն ցուցանիշից, իսկ վաճառված iPod-երի թիվը կրճատվել է 11%-ով` մինչև 9,1 մլն: Apple-ի համախառն շահութաբերությունը (gross profit margin) կրճատվել է, քանի որ ընկերության նոր արտադրանքները, առաջին հերթին iPad-ը, այդքան էլ շահութաբեր չեն: Apple-ի մաքուր շահույթը հուլիս-սեպտեմբերին աճել է 70%-ով` մինչև $4,31 մլրդ կամ մեկ բաժնետոմսի համար $4,64` նախորդ տարվա $2,53 մլրդ-ի կամ մեկ բաժնետոմսի համար $2,77-ի համեմատ: Հասույթն ավելացել է 67%-ով` մինչև $20,34 մլրդ ($12,21 մլրդ-ից):










