Ռուսական բջջային օպերատորների մեծ եռյակը կրկնակի էժանացնում է ռոմինգի սակագները
Ռուսաստանյան բջջային օպերատորների մեծ եռյակը՝ МТС-ը, МегаФон-ը և Вымпелком-ը, կիջեցնի միջազգային ռոմինգի սակագները 1,5–2 անգամ, sms–ների գինը՝ 3 անգամ, իսկ բջջային ինտերնետի գինը՝ 2–4 անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ՌԴ կապի և հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հատնում է «Ռիա նովոստին»։
Հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավարը նշել է, որ ծառայությունների գները կիջեցվեն դեկտեմբերի 1–ից ոչ ուշ. «Սա վերաբերում է նաև միջազգային ռոմինգին։ Ռուսականի համեմատությամբ գների իջեցումները նույնը կլինեն, որոշ դեպքերում՝ ավելի շատ»,– հայտնել է ծառայության ղեկավարը։
2010թ. մարտին Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը մեծ եռյակի դեմ գործ էր հարուցել՝ ռոմինգի գները բարձրացնելու համար։
Հակամենաշնորհային ծառայությունը հայտարարել էր նաև, որ այս եռյակի միջազգային ռոմինգի գները երկու անգամ ավելի բարձր են մյուս օպերատորների համեմատությամբ, իսկ եվրոպական երկրների համեմատությամբ՝ 3–6 անգամ։
2010թ. ապրիլին ռուսական բջջային օպերատորների քննադատությանը միացել էր նաև Վլադիմիր Պուտինը։ Պետդումայում նա հայտարարել էր, որ օպերատորները ռոմինգի սակագները բարձրացնելու համար նույնիսկ կարող են պատժվել։
Իսկ օպերատորներն արդարացել էին, թե այդ բարձր գներն իրենց գործընկերներն են սահմանում։










