Կոնգրեսականները` ընդդեմ Facebook-ի

09:33 • 21.10.10

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Էդվարդ Մարկին ու Ջո Բարտոնը նամակ են հղել Facebook խոշորագույն սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին` անձնական տվյալների արտահոսքի կապակցությամբ: Նախօրեին ամերիկյան The Wall Street Journal-ում (WSJ) հոդված էր հրապարակվել այն մասին, որ Facebook-ի առավել հայտնի հավելվածների ծրագրային մշակման մասնագետներն իրենց օգտատերերի մասին տեղեկությունները փոխանցել են տասնյակ գովազդային ընկերությունների:

Facebook-ի օգտատերերի թիվը մոտ 500 մլն է, այդ պատճառով անհատական տեղեկությունների շարունակական արտահոսքը չի կարող տագնապ չառաջացնել: Այս մասին ասված է կոնգրեսականների` Ցուկերբերգին ուղղված նամակում: Նրանք նաև խնդրում են հստակ պարզել, թե ինչ թվով օգտատերերի է այդ արտահոսքը վերաբերել, երբ Facebook-ին հայտնի է դարձել դրա մասին, և ընկերությունն ինչ միջոցառումներ է պատրաստվում ձեռնարկել` դրությունը շտկելու համար: Մարկին ու Բարտոնն իրենց նամակի պատասխանն ակնկալում են հոկտեմբերի 27-ից ոչ ուշ: Նշենք, որ օգոստոսին նույն կոնգրեսականները համանման հարցումներ են ուղարկել 15 հայտնի կայքերի, որտեղ, ըստ WSJ-ի տեղեկությունների, օգտագործվել են օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման ծրագրեր:

Facebook-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը պատրաստ է «պարզել բոլոր անճշտությունները» և համագործակցել կոնգրեսականների հետ: Իսկ սոցցանցի թոփ մենեջեր Մայք Վեռնալը նշել է, որ կողմնակի ընկերություններին անձնական տվյալների տրամադրումը խախտում է ցանցի կանոնները: Ըստ նրա` մի շարք դեպքերում ծրագրային մշակման մասնագետները մտադիր չեն այդպիսի տեղեկատվություն փոխանցել, սակայն այն կարող է տարածվել որոշ բրաուզերների աշխատանքի տեխնիկական յուրահատկությունների պատճառով: Իսկ իրավապահները կոչ են անում հավելվածների հետ աշխատանքի ընթացքում խստացնել վերահսկողությունը` օգտատերերի անհատական տվյալների գաղտնիությունն ապահովելու համար: Մինչդեռ սոցցանցի որոշ հավելվածներ, որ Facebook-ը փակել էր WSJ-ի հրապարակումից հետո, կրկին սկսել են աշխատել: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։

Կոնգրեսականները` ընդդեմ Facebook-ի