Թուրքիան քննարկում է Պուտինի հեռուստացույցը
Այն բանից հետո, երբ ռուսական մամուլում սկսեց շրջանառվել համառուսական մարդահամարի ժամանակ արված՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի բնակարանի լուսանկարը, շատերը սկսեցին խոսել վարչապետի համեստ կենցաղի մասին։ Թուրքերի աչքից չի վրիպել ՌԴ վարչապետի կացարանի ամենահամեստ իրը` ավանդական հեռուստացույցը:
«Անկախ ամեն ինչից` հարուստ ենք, թե աղքատ, այսօր բոլորս հնարավորություն ունենք մեր տանն ունենալ ժամանակակից հեռուստացույց: Իսկ երբ առաջին անգամ տեսանք Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ավանդական հեռուստացույցը, առաջին բանը, որ մտածեցինք, սա էր. «Մի՞թե դա արխիվային լուսանկար է»: Սակայն հետո պարզվեց, որ դա մեր օրերի լուսանկար է։
Ինչո՞վ է պայմանավորված Պուտինի այս նախապատվությունը, որը որևէ կերպ հնարավոր չէ կապել նյութական սղության հետ: Պուտինը ժլա՞տ է, թե՞ ուղղակի համեստ: Արդյո՞ք դա մի բան է, որից պետք է օրինակ վերցնել, թե՞ հեղինակությունը վնասող լուսանկար», - գրում է Haberturk-ը` մեջբերելով տեխնոլոգիական ոլորտի մասնագետների կարծիքները։
«Քաղաքական գործիչների կյանքը, անկասկած, հասարակությունից անկախ չէ: Օրինակ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի սմարթֆոնը, որը նա ձեռքից վայր չէր դնում, պետք է ընկալել որպես ուղերձ հասարակությանը: Ուղղակի զավեշտ է, երբ շարքային քաղաքացին իր տանն ունի երրորդ սերնդի հեռուստացույց, իսկ իր երկրի առաջնորդը շարունակում է դիտել ավանդական հեռուստացույց։ Պարզ է, որ երբ նման հեռուստացույցով իր ժողովրդին է ներկայանում քաղաքական առաջնորդ, որի երկիրը տիրապետում է տիեզերական տեխնոլոգիաներին, դա պետք է քննարկման առարկա դառնա»,- ասել է Haberturk պարբերականի տեխնոլոգիաների ոլորտի խմբագիր Նեջդեթ Չալըշքանը:
«Իմ կարծիքով` ղեկավար անձը, որն ունի ֆինանսական մեծ ուժ, պետք է ապրի դրան համապատասխան: Ես Պուտինի կենցաղը համեստություն չեմ համարում: Իսկ երբ տեսա ՌԴ վարչապետի այդ լուսանկարը, ինչ թաքցնեմ մեղքս, ուղղակի ապշեցի»,- նշել է Brigthwell հոլիդինգի ղեկավարող խորհրդի նախագահ Ալփան Մանասը:
«Կարելի է ասել, որ ցանկացած քաղաքական գործչի անձնական գործն է, թե ինչ տեխնիկա է ինքն ուզում օգտագործել կենցաղում: Սակայն մյուս կողմից չպետք է մոռանալ, որ հատկապես վարչապետերը, նախագահները իրենց երկրների դեմքն են: Եվ շատ կարևոր է, որ նրանց գործածած տեխնիկան համահունչ լինի նոր տեխնոլոգիաներին և նորարարություններին»,- նշել է Սըրթը:
«Օբամայի մոտ նման հեռուստացույց չեք տեսնի, որովհետև «ամերիկյան երազ» կոչվածն իր հայեցակարգն ունի: Երբ ամբողջ աշխարհն անցնում է LCD հեռուստացույցերին, առաջնորդի տանը հին հեռուստացույցն ուղղակի անընդունելի է: Ինչ վերաբերում է ռուսական տեխնոլոգիաներին, պետք է նշենք, որ ռուսներն առաջինն էին, ովքեր տիեզերագնաց ուղարկեցին լուսին», - ասել է Deulcom International-ի հիմնադիր Բայբարս Ալթունթաշը:










