Գյումրիում կառուցվում է եռահարկ բժշկական կենտրոն
Շիրակի մարզային, «Սամարիթեր» և Գյուլբենկյանի անվան բուժկենտրոնները կմիավորվեն՝ ստեղծելով Գյումրիի նոր բժշկական կենտրոն։ Եռահարկ շենքը, որը կառուցվում է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի շենքին կից, կունենա 200 մահճակալ։ Բուժսպասարկում կմատուցվի և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։
Այսօր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրիի բժշկական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Նախատեսվում է, որ բուժհիմնարկը պատրաստ կլինի 2012թ.։ Այն հագեցած կլինի նորագույն բուժսարքավորումներով, կունենա հարմարավետ հիվանդասենյակներ և ժամանակակից կահավորում։
Հաշվի առնելով Շիրակի մարզում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը՝ այս կենտրոնում սրտաբանական բաժանմունքին կից կմատուցվեն ինտենսիվ սրտաբանական ծառայություններ։ Օպտիմալացման արդյունքում բուժաշխատողների թվի կրճատում չի նախատեսվում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար է, որը հատկացվելու է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում։










