Մեր հեռուստաեթերն այսօր զիջում է համացանցին. Բորիս Նավասարդյան
«Կապիտալի» հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը նշել է, որ եթե հեռուստաընկերությունները չեն ուզում զրկվել լսարանի մի մասից, պետք է փոխեն իրենց այսօրվա լրատվական քաղաքականությունը (հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ)։
- Պարոն Նավասարդյան, եթե բնորոշելու լինեիք այսօրվա հեռուստաեթերը, ի՞նչ հատկանիշներ կօգտագործեիք։
-Եթե մենք եթերի վիճակի մասին խոսեինք մի երկու-երեք տարի առաջ, երբ երկրի տնտեսական վիճակն ավելի բարվոք էր, քան այսօր, ես կասեի, որ առևտրային, զվարճալի հաղորդումների առումով մենք տեսնում ենք որոշակի զարգացում. որակի մասին չեմ խոսում, քանի որ այլ հարց է՝ համապատասխանո՞ւմ են այդ հաղորդումները մեր ճաշակին, թե՞ ոչ, սակայն որոշակի զարգացում կար։ Ինչ վերաբերում է քաղաքական-լրատվական հաղորդումներին, ապա պետք է արձանագրեինք, որ այս բնագավառում կա որակի, բազմազանության, օբյեկտիվության և հասարակության տեղեկատվական պահանջի ապահովման անկում։ Եթե վերադառնանք ներկա ժամանակ և խոսենք ոչ թե երկու-երեք տարվա եթերի որակի, այլ այսօրվա եթերի որակի մասին, ապա պետք է արձանագրենք, որ միտումը նույն է, սակայն ավելի պակաս գումարներով։ Այսինքն՝ զվարճալի-առևտրային բովանդակության կամ առևտրային հիմքերով ստեղծվող հաղորդումների որակի զարգացում տեղի չի ունենում, չնայած որ նրանք շարունակում են գրավել եթերը։ Ինչ վերաբերում է տեղեկատվական-քաղաքական հաղորդումներին, այս առումով մենք հասել ենք այնտեղ, որ նրանք ընդհանրապես այլևս իմաստ չունեն, քանի որ աշխարհում և երկրում կատարված իրադարձությունների լուսաբանման այն որակը և այն բազմազանությունը, որն ունի այսօր մեր հասարակական-քաղաքական հեռուստաեթերը, անմրցունակ է և գրավչության առումով չի կարող համեմատվել համացանցի հետ։ Եթե մարդիկ հեռուստատեսությամբ դեռ լուրեր են նայում, ապա երևի միայն այն պատճառով, որ համացանցը նրանց համար դեռ հասանելի չէ։ Այն մարդիկ, որոնք որպես տեղեկատվական աղբյուր օգտագործում են համացանցը, Հայաստանի հեռուստատեսության լրատվական հաղորդումների կարիքը պիտի որ չզգան։ Մեր հեռուստաեթերի տեղեկատվական գործառույթն այսօր մոտենում է զրոյի։
-Ըստ Ձեզ՝ հեռուստատեսության լրատվական գործառույթի զրոյական վիճակի հավասարման պատճառը օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ է։
-Խնդիրն առաջին հերթին պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով։ Բանն այն է, որ իշխանությունները, որոնք վերահսկում են գրեթե ողջ հեռուստաեթերը, շահագրգռված չեն, որ մարդիկ բազմազան և որակյալ տեղեկություններ ստանան, իսկ հեռուստաընկերությունների սեփականատերերը հարմարվում են իշխանությունների այս ցանկությանը։
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի հեռուստատեսության վաղվա օրը, եթե նա այսօր չփոխի իր լրատվական քաղաքականությունը։
-Հարցին երկու տեսակետից կարելի է նայել՝ բովանդակային և տեխնոլոգիական։ Եթե վերցնենք բովանդակայինը, ապա համացանցի նետած մարտահրավերը լճացած վիճակի հետ միասին կբերի նրան, որ հեռուստատեսությունը կդառնա միայն զվարճալի հաղորդումներ առաջարկող կոմունիկացիոն միջոց, քանի որ մի քանի տարի հետո այս որակի լրատվական ծրագրեր պատրաստելը կդառնա անիմաստ։ Եթե հեռուստաընկերությունները պատրաստ են այդքան հեշտությամբ զիջել շուկայի այդ հատվածը զարգացնող online լրատվամիջոցներին, դա իրենց խնդիրն է, սակայն դա նշանակելու է, որ իրենք զրկվելու են այսօրվա իրենց եկամուտների բավական մեծ մասից։ Տեխնոլոգիական խնդիրն այն է, որ ամեն դեպքում հեռուստաընկերությունը կոնվերգենտ զարգացումների արդյունքում համացանցի հետ դառնալու է լրատվամիջոցի մեկ տեսակ։ Այստեղ նույնպես այն կայքերը, որոնք նաև հետաքրքիր ու բազմազան տեղեկություն են առաջարկում, կոնվերգենցիայի արդյունքում, արդեն գրաված կլինեն ընդհանուր տիրույթի տեղեկատվական մասը, և հեռուստաընկերությունները, որոնք մտնում են այդ դաշտ, կունենան ավելի սահմանափակ հնարավորություն։ Այս դեպքում նույնպես նրանք ստիպված կլինեն շարունակել միայն զվարճալի հաղորդումների թողարկումը։ Իսկ սա նշանակում է, որ իրենք իրենց ձեռքով սահմանափակում են շուկայում տարբեր ուղղություններով զարգանալու, լսարան գրավելու և եկամուտներ ապահովելու հնարավորությունները։
-Կարո՞ղ ենք պնդել, որ հեռուստատեսության փրկությունը լրատվական թողարկումների քաղաքականության փոփոխությունն է։
-Այո, եթե չեն ուզում զրկվել լսարանի մի մասից, պետք է փոխեն իրենց այսօրվա քաղաքականությունը։










