Սևանա լիճը կունենա ևս 250 կմ մաքուր լողափ
Սևանա լճի հարակից լճացած տարածքները կմաքրվեն ծառերից ու թփերից: Մաքրման աշխատանքներն իրականացնելու համար ձեռք է բերվել 605 հազար եվրո արժողությամբ ֆիննական էքսկավատոր: Այս մասին այսօր Սևանում լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։
Բացի ֆիննական տեխնիկայից, մաքրման աշխատանքներում կներգրավվի նաև հայրենական արտադրության մի սարք:
Մովսիսյանը նշեց, որ հիշյալ աշխատանքների ավարտից հետո Սևանա լիճը կունենա ևս 250 կմ մաքուր լողափ, որտեղ կկազմակերպվի բնակչության հանգիստը։
Անդրադառնալով լճի ջրի մաքրության խնդիրներին՝ Մովսիսյանը նշեց, որ այսօր լճի ջուրը չի բավարարում մաքուր, քաղցրահամ ջրի պահանջներին:
«Եթե մենք մաքուր ջուր չենք ունենալու, ապա բոլոր ծախսերը ի չիք կդառնան: Եթե մենք այսօր ունենք 35 մլրդ խմ ջուր, կեղտոտ ջուր, ապա եթե 6 մետր բարձրացնենք, դարձնենք 42 մլրդ խմ, ջրի ծավալը կավելանա, կավելանա նաև կեղտոտ ջուրը»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց նաև Սևանա լճի աղտոտումը բացառելու ուղղությամբ կատարվող աշխատանքները: «Մեկընդմիշտ օրակարգից հանվեց Արարատի ոսկու արդյունահանման գործարանը Սոթք տեղափոխելու հարցը: Դա լրջագույն միջոցառում է, քանի որ լիճը զերծ կմնա ցիանական միացություններից և չի աղտոտվի»,- ասաց նա:
Բացի այդ, նոյեմբերի վերջին 5 քաղաքներում՝ Սևանում, Գավառում, Վարդենիսում, Մարտունիում և Ջերմուկում շահագործման կհանձնվեն ջրի մաքրման կայաններ՝ 7,5 մլն դոլար արժողությամբ, որը տրամադրել է Եվրապական բանկը:










