Իսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ին

09:47 • 19.11.26

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Տեներիֆեն» հյուրընկալվելիս 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բադախոսի» նկատմամբ՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Հյուրերի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Հանդիպման հաշիվը բացեց հենց Ռանոսը 6-րդ րոպեին՝ եզրափակելով Մարկ Մատեուի փոխանցումը։ Ընդամենը մեկ րոպե անց՝ 7-րդ րոպեին, Խուանխոն կրկնապատկեց «Տեներիֆեի» առավելությունը (0-2)։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին, հայ հարձակվողը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 0-3։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Կառլոս Բեյտիան կրճատեց հաշվի տարբերությունը (1-3)։ 57-րդ րոպեին «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Յուրեշկինն ուղիղ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով տասը հոգով։ 66-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինվեց՝ իր տեղը խաղադաշտում զիջելով Չապելային։

Ընդամենը երեք րոպե անց՝ 69-րդ րոպեին, փոխարինման մտած Չապելան Պեցարի փոխանցումից հետո խփեց հյուրերի չորրորդ գնդակը (1-4)։ 74-րդ րոպեին Խորխե Բարբան Էռնանդեսի փոխանցումից հետո կրկին կրճատեց «Բադախոսի» հետամնացությունը (2-4)։ Հանդիպման վերջնական հաշիվն ավելացված ժամանակում՝ 90+5-րդ րոպեին, ձևակերպեց Վիկտոր Մորենոն՝ 2-5։

Աղբյուրը`ArmSport.am