«Սագամար» հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրանքը կարտահանվի Բուլղարիա, Սերբիա և Չինաստան

15:07 • 06.11.10

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Արմանիսի «Սագամար» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկա, հանքի հարևանությամբ գտնվող սպասարկման համալիր։ Նա շրջայց կատարեց կառուցման փուլում գտնվող ֆաբրիկայում, ծանոթացավ տեխնոլոգիաներին։

Այս ֆաբրիկան կառուցվում է «Նևա–Ռուս» ընկերության 63 մլն դոլարի ներդրումով։ Ֆաբրիկայի շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Նախատեսվում է այն շահագործման հանձնել հաջորդ տարվա մայիսին։ Ֆաբրիկայի ընդհանուր հզորությունը կազմում է 800 հազար տոննա հանքաքար, կունենա մինչև 500 աշխատատեղ։

«Նևա–Ռուս» ընկերության ներդրումների հարցով տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ ֆաբրիկայի կառուցման ժամանակ բնապահպանական խնդիրերն իրենց կողմից հաշվի են առնվել։ Նրա հավաստմամբ՝ ֆաբրիկայում կգործեն եվրոպական և կանադական արտադրության մաքրման սարքավորումներ։ Կիրառվելու է, այսպես կոչված, չոր պոչերի տեխնոլոգիան, երբ վերամշակված ջուրը դարձյալ հետ է վերադարձվելու ֆաբրիկա։ Այսինքն՝ նախատեսվում է, որ թունավոր փոչամբարներ չեն գոյանալու։

Ֆաբրիկայի արտադրանքը՝ պղնձի, ցինկի և կապարի կոնցենտրատը, ամբողջությամբ «Փոթի» նավահանգստով երկրից արտահանվելու է Բուլղարիա, Սերբիա և Չինաստան։

Ղազարյանի տեղեկացմամբ՝ զուգահեռ ընկերությունը իրագործում է Դաստակերտի հանքավայրի ծրագիրը։ Այնտեղ այժմ ընթանում են երկարբանահետախուզական աշխատանքներ։ Դրանից հետո կորոշվի կառուցվելիք ֆաբրիկայի հզորությունը, որը կլուծի շուրջ 1000 աշխատատեղի հարց։

«Սագամար» հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրանքը կարտահանվի Բուլղարիա, Սերբիա և Չինաստան