Մավրոմատիի օնլայն մահապատիժը ձախողվեց. ինտերնետային դատարանը «դեմ» քվեարկեց նրա մահվանը

21:25 • 08.11.10

Ռուսաստանցի հայտնի սկանդալային նկարիչ Օլեգ Մավրոմատին բոլոր ցանկացողներին առաջարկել է սպանել իրեն ինտերնետի միջոցով։ Նա իր կյանքը քվեարկության է դրել նոյեմբերի 7–ին՝ օնլայն մահապատիժ կազմակերպելով։

Նկարչի մարմնին ամրացվել է մի սարք՝ ծրագրավորված 5 էլեկտրական հարվածի վրա։ Յուրաքանչյուր հարված նախորդից ավելի ուժեղ է, իսկ 5–րդ հարվածի դեպքում սիրտը կանգ է առնում։

Մավրոմատիի խոսքերով՝ ինքը այդպիսով բողոքում է եկեղեցու և պետության կողմից իր նկատմամբ իրականցվող հետապնդումների դեմ և ցանկանում է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել իշխանությունների անհոգի գործողություններից տուժած նկարիչների և այլ մարդկանց վրա։

Հիշեցնենք, որ Մավրոմատիի դեմ 2000թ. մեղադրանք է առաջադրվել կրոնական թշնամանք հրահրելու համար, քանի որ նա բեմականացումներից մեկում իրեն խաչին էր գամել։ 2000 թվականից նա քաղաքական ապաստան է փնտրում արտասահմանում։ ՌԴ քաղաքացի համարվող Մավրոմատին այժմ առանց փաստաթղթերի գտնվում է Բուլղարիայում. Սոֆիայի ռուսական հյուպատոսությունը հրաժարվում է երկարացնել նկարչի անձնագրի ժամկետը՝ պատճառաբանելով, որ նա հետախուզման մեջ է։

Մավրոմաատիի «կյանքի քվեարկության» նախնական տվյալների համաձայն՝ կյանքը հաղթել է մահին՝ 74–ը 16 տոկոս հարաբերակցությամբ։ Այս մասին հայտնում է Эхо Москвы ռադիոկայանը։


 

Մավրոմատիի օնլայն մահապատիժը ձախողվեց. ինտերնետային դատարանը «դեմ» քվեարկեց նրա մահվանը