Guardian-ը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից Վրաստան ուրանի տեղափոխման դեպքի մասին

15:01 • 08.11.10

Վրաստանի սև շուկայում հայտնաբերվել են հայերի կողմից մաքսանենգ ճանապարհով տեղափոխված միջուկային նյութեր։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Վրաստանում տեղի ունեցած փակ-գաղտնի դատավարության ժամանակ պարզվել է, որ բարձր հարստացված ուրանը, որը կարող է օգտագործվել միջուկային ռումբ պատրաստելու համար, վաճառքի էր հանվել նախկին խորհրդային երկրների սև շուկայում։

Վրաստանում դեռ մարտ ամսին երկու հայեր՝ գործարար և ֆիզիկոս, խոստովանել էին, որ մաքսանենգ ճանապարհով բարձր հարստացված ուրանը կապարապատ փաթեթներով Երևան–Թբիլիսի գնացքով տեղափոխել են Վրաստան։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլին Վաշինգտոնում տեղի ունեցած միջուկային գագաթնաժողովի ժամանակ այս դեպքի մասին տեղեկացրել է նաև այլ երկրների ղեկավարներին, սակայն մինչև այժմ միջադեպի մասին մանրամասներ չէին հրապարակվել։

Հետաքննչական մարմինները The Guardian–ին հայտնել են, որ ուրանի նմուշը, որը վաճառում էին Սմբատ Տոնոյանն ու Հրանտ Օհանյանը, գողացվել է մի քանի տարի առաջ։ Ամերիկյան փորձաքննության համաձայն՝ ուրանը հարստացվել էր 89.4%–ով և պիտանի էր միջուկային մարտագլխիկի համար։

Վրաստանում հայերն ասել էին, թե իրենք միայն 18 գ ուրան ունեն, բայց իրենց հայաստանյան մատակարարը կարող է ավելի շատ ուղարկել։

Տոնոյանն ու Օհանյանը միջուկային նյութը դրել էին ծխախոտի կապարապատ տուփի մեջ, որպեսզի մաքսակետի ռադիացիոն սենսորային սարքերը «չնկատեին» այն։

Նշվում է, որ Տոնոյանը 63–ամյա գործարար է, որը մի ժամանակ կաթնամթերքի բիզնեսով է զբաղվել, սակայն հետո խաղամոլության հետևանքով քամուն է տվել ողջ ունեցվածքը, իսկ Օհանյանը 59–ամյա գիտնական է, որը կազմակերպել է գնորդի հետ հանդիպումը մարտի 11–ին՝ Թբիլիսիի հյուրանոցներից մեկում։

Նրանք երկուսն էլ կարծում էին, թե 18գ ուրանը վաճառում են իսլամիստական խմբավորման ներկայացուցչի, սակայն գնորդը ոստիկանության ծպտյալ աշխատակից էր։

 

Guardian-ը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից Վրաստան ուրանի տեղափոխման դեպքի մասին