Սթիվ Բալմերին այլևս չի՞ գոհացնում Microsoft-ը

09:28 • 09.11.10

Microsoft-ի տնօրեն Սթիվ Բալմերը վաճառել է կոնցեռնի` իրեն պատկանող ավելի քան 50 մլն բաժնետոմսերը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն ընկերությունում նվազել է մոտ 12%-ով:

Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, Բալմերն իր գործողությունները պայմանավորել է անձնական ֆինանսական դրդապատճառներով և ընդգծել, որ առաջվա պես հավատում է ընկերության զարգացմանը:

Microsoft-ում նշում են, որ նախորդ շաբաթ` երեք օրվա ընթացքում, ընկերության գլխավոր տնօրենն իրացրել է ընկերության` ընդհանուր $1,3 մլրդ արժողությամբ ($26-28` մեկ արժեթղթի հաշվով) իրեն պատկանող արժեթղթերը: Ըստ Բալմերի` ինքը վաճառում է իր բաժնետոմսերը ոչ թե այն պատճառով, որ չի հավատում ընկերության ֆինանսական լավ հեռանկարներին, այլ պարզապես ցանկանում է դիվերսիֆիկացնել իր ներդրումները:

Բալմերի խոսքով` մինչև ընթացիկ տարվա ավարտը ինքը մտադիր է վաճառել Microsoft-ի մինչև 75 մլն-ի բաժնետոմսերը: Այդպիսով` նրա փաթեթը, ընդհանուր առմամբ, կկրճատվի 18%-ով: Ավելի վաղ Microsoft-ի ղեկավարը տնօրինում էր ընկերության 408 մլն-ի բաժնետոմսերը, սակայն ներկայում նրա փաթեթը կրճատվել է` մինչև 359 մլն-ի բաժնետոմս:

Նշենք, որ բաժնետոմսերի այս քանակը համապատասխանում է Microsoft-ի 4,2% մասնաբաժնին և նոյեմբերի 7-ի դրությամբ գնահատվում էր $9,6 մլրդ: Բալմերն առաջվա պես տնօրինում է ընկերության` բաժնետոմսերի մեծությամբ երկրորդ փաթեթը` Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից հետո: Ուրբաթ օրը` առևտրաշրջանի փակմանը, Microsoft-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 1,07%-ով` մինչև $26,85` մեկ արժեթղթի հաշվով: Բոլոր դեպքերում, այն մասին, որ Բալմերը վաճառում է իր բաժնետոմսերը, հայտարարվել է առևտրաշրջանի փակումից հետո:

Սթիվ Բալմերին այլևս չի՞ գոհացնում Microsoft-ը