Հայաստանն արդեն ուրան արտահանող երկիր է՝ առանց որևէ հանքի. հանրահավաք Կապանում
Կապանում այսօր երեկոյան մեկնարկած ընդդեմ Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների որոնողական աշխատանքների հանրահավաքի ժամանակ կազմակերպիչներից ոմանք փորձել են խոչընդոտել Երևանից հանրահավաքին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Կապանից վերադարձող Զարուհի Փոստանջյանը։
«Սյունիքի մարզ վերջին անգամ կատարած այցելության ժամանակ ես ընտրվեցի ընդդեմ ուրանի շահագործման կազմկոմիտեի անդամ, որի ժամանակ էլ որոշեցինք հաջորդ անգամ ուրանի հանքավայրերի շահագործման դեմ զանգվածային միջոցառում կազմակերպել։ Առավոտյան, երբ ես գնում էի Կապան, ինձ զանգահարեց կազմկոմիտեի անդամներից մեկը և ասաց՝ լավ կլինի չգաք, որովհետև մենք ուզում ենք հանրահավաքը կազմակերպել խնդրագիր կարգախոսներով։ Ես ասացի, որ իրենք իրավունք չունեն ինձ նման բան ասելու, գնացի և ելույթ ունեցա։ Փորձում էին խոչընդոտել, միկրոֆոնը անջատել, բայց չստացվեց որովհետև հավաքված քաղաքացիները պահանջեցին միկրոֆոնը միացնել»,– ասաց Զարուհի Փոստանջյանը։
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրահավաքն արտոնված էր, դրան մասնակցում էին ինչպես Երևանից ժամանած հյուրեր, այնպես էլ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
«Հանրահավաքին մոտ 3000 մարդ էր հավաքվել, տեղական իշխանություններից ներկա էր և ելույթ ունեցավ Սյունիքի փոխմարզպետը։ Կապանի ՀԿ–ների ղեկավարները լավ տպավորություն թողեցին, չնայած որոշակի զգուշավորություն ցուցաբերեցին։ Երեխաներ էին մասնակցում նաև, որոնք բավականին հետաքրքիր ցուցապաստառներ և նկարներ էին բերել, որոնց վրա պատկերված էին մուտանտներ»,– ասաց Լևոն Բարսեղյանը։
Միաժամանակ, Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց. «Լեռնաձոր համայնքում հորատող մեքենան գտանք քանդված, այրված վիճակում։ Նաև նոր հորատող մեքենա տեսանք, երկրաբանները կեռնը հանել էին արդեն, տեղում էին մի քանի երկրաբաններ ու բանվորներ»։
Անդրադառնալով ուրանի հանքավայրերի թեմային՝ Լևոն Բարսեղյանը կատակեց. «Հայաստանն արդեն ուրան արտահանող երկիր է՝ առանց որևէ հանքի»։










