Amazon-ում «Պեդոֆիլի տեղեկատուի» վաճառքը սկանդալ է առաջացրել
Աշխարհում խոշորագույն Amazon ինտերնետ–խանութը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ինտերնետ–խանութում վաճառքի հանված էլեկտրոնային տեքստերի շարքում է հայտնվել «Պեդոֆիլի տեղեկատու» տեքստը։
«Սիրո և հաճույքի մասին պեդոֆիլի տեղեկատու. երեխաներ սիրողների վարքի կանոնները» անունը կրող տեքստը Amazon–ում վաճառվում է հենց ստեղծագործության հեղինակի կողմից։ Հեղինակի համոզմամբ, հասարակությունը պեդոֆիլներին ճիշտ չի հասկանում, ինքն էլ փորձում է նրանց խորհուրդներ տալ, թե ինչպես չխախտել օրենքը։
Նշենք, որ Amazon-ը թույլ է տալիս կայքից օգտվողներին վաճառել իրենց սեփական ստեղծագործությունները և վաճառքից տոկոսներ է ստանում։ Սակայն նախքան այս կամ այն ստեղծագործությունը վաճառքի հանելը, հեղինակները պետք է ենթարկվեն մի շարք կանոնների, ինչպես նաև արգելվում է վիրավորական նյութերի հրապարակումը։
Ժողովածուի՝ վաճառքում հայտնվելը առաջացրել է շատ օգտվողների բողոքն ու զայրույթը, ոմանք էլ նույնիսկ սպառնացել են բոյկոտել կայքը, եթե այդ տեքստը չհանվի կայքից։
Իսկ կայքի վարչակազմը հայտարել է. «Ամազոնը չի պաշտպանում և չի քարոզում ատելություն կամ քրեական հանցագործություն,սակայն մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել իր գնումների վերաբերյալ և հարգում ենք այդ իրավունքը»։
Սկանդալային գիրքը վաճառվում է տեքստի տեսքով, որը կարելի է կարդալ Kindle սարքի միջոցով։










