Google-ը խոստանում է չմրցակցել Facebook-ի հետ

10:19 • 12.11.10

Google-ն այժմ չի զբաղվում սեփական սոցիալական ցանցի մշակմամբ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է ընկերության գլխավոր մենեջերներից մեկը Monaco Media Forum-ի ժամանակ։

«Մենք չենք աշխատում սոցիալական պլատֆորմի վրա, որը կդառնա պարզապես սոցիալական ցանց: Սակայն կարծում ենք, որ սոցիալական «բաղադրիչը» ներկայումս ինտերնետ նախագծերում հաջողության հասնելու անբաժանելի մասն է»,- ասել է Google-ի բջջային մշակումների ստորաբաժանման ղեկավար Հյուգո Բարրան:

Ինչպես հաղորդում է pcnews.am-ը, սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Google-ը թողարկելու է Google Me սոցիալական ցանցը, որի մասին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը: Նրա խոսքերով` սոցցանցի տարրերը կավելացվեն Google-ի հիմնական ինտերնետ-ծառայություններում: Սակայն տնօրենը չբացեց փակագծերը և չասաց, թե ինչ ծառայությունների մասին է խոսքը: Bloomberg-ի փոխանցմամբ` սպասվում է, որ սոցցանցի ֆունկցիաները կավելացվեն YouTube-ում, ինչպես նաև Gmail էլ-փոստում, որն արդեն ունի վիդեոչաթի ու IP-հեռախոսակապի հնարավորություն:

Հիշեցնենք, որ Google-ն այս պահին ունի Orkut սոցցանց, որը գործարկվել է 2004թ.: Ծառայությունն ունի 100 մլն օգտատեր, սակայն լսարանի մեծ մասը` 70%-ը, բրազիլացիներ ու հնդիկներ են:
 

Google-ը խոստանում է չմրցակցել Facebook-ի հետ