Google-ը «կաշառում» է աշխատակիցներին. նպատակը` կանխել կադրերի արտահոսքը
Google ինտերնետ հսկան նախատեսում է հունվարից 10%-ով բարձրացնել իր բոլոր` 23 հազ. աշխատակիցների աշխատավարձը:
Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները: Google-ն այս քայլին դիմում է` կանխելու համար իր աշխատակիցների արտահոսքը դեպի մրցակից ընկերություններ, հատկապես Facebook սոցիալական ցանց:
Նշենք, որ ներկայում Facebook-ում աշխատում է Google-ի նախկին աշխատակիցների մոտ 10%-ը: Բացի այդ` Սիլիկոնային հովտի այլ ընկերություններ ևս իսկական «որս» են սկսել Google-ի աշխատակիցների համար: Օրերս Google-ի գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտն իր աշխատակիցներին համապատասխան նամակ է ուղղել: «Մենք ցանկանում ենք, որ դուք զգաք, որ ձեր դժվարին աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն: Մենք կշարունակենք Google-ի կազմում ներգրավել միայն լավագույն աշխատակիցներին»,- ասված է ընկերության տնօրինության նամակում:
Շմիդտի խոսքով` ներկորպորատիվ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատավարձը Google-ի աշխատակիցների կատարած աշխատանքի գնահատման կարևորագույն տարրն է` հավելավճարների կամ օպցիոնների համեմատ: Բացի այդ` Google-ը սկսել է մաթեմատիկական հատուկ մոդելի փորձարկումը, որը հիմնված է անձնակազմի կողմից օգտագործվող ինտերնետային էջերի վերլուծության վրա: Այս մոդելը թույլ է տալիս պարզելու, թե որ աշխատակիցներն են մտադիր փոխել իրենց աշխատանքը:
«Կապիտալ» օրաթերթ










