Ուրանի որոնումները շարունակվելու դեպքում լեռնաձորցիները կլքեն իրենց բնակավայրը

15:46 • 12.11.10

Սյունիքի մարզում ուրանի պաշարների ուսումնասիրման ծրագրին այսօր լրագրողների հետ հանդիպմանը դեմ արտահայտվեցին բնապահպաններ Ինգա Զարաֆյանն ու Կարինե Դանիելյանը։

Նրանց տեղեկացմամբ՝ Սյունիքում ընդդեմ ուրանի արդեն 11 հազար ստորագրություն է հավաքվել։ «Տեղի բնակչությունը շատ անհանգստացած է այդ ծրագրով։ Լեռնաձորում սկսվել են հորատման աշխատանքները, ամբողջ համայնքը վտանգի տակ է։ Մարդիկ ասում են, որ եթե շարունակվեն աշխատանքները, կլքեն բնակավայրը։ Լեռնաձորցիներն ասել են, որ արգելելու են իրենց գյուղապետին ուրանի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրել»,- ասաց Զարաֆյանը։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ իրենց համար սկզբունքորեն ընդունելի չէ այդ ծրագիրը, քանի որ այսօր աշխարհում չկան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան ուրանի հանքարդյունահանումն իրականացնել առանց շրջակա միջավայրն աղտոտելու։ «Վնասն ավելի շատ կլինի, քան տնտեսական օգուտը։ Դրա արդյունքում Սյունիքում մաքուր գյուղատնտեսություն չեն կարող զարգացնել։ Այսպիսի փոքր տարածքում, ինչպիսին Հայաստանն է, այսօրվա տեխնոլոգիաներով նման աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ։ Հսկայական Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ զուգահեռ զարգացնել գյուղատնտեսությունն ու ուրանի արդյունահանումը»,- ասաց նա։ Ըստ Դանիելյանի՝ Հայաստանում այսօր կա շուրջ 15 պոչամբար, թունաքիմիկատների առնվազն երկու խիստ վտանգավոր գերեզմանոց։ Դրան զուգահեռ, եթե ռադիոակտիվության մակարդակն էլ բարձրացվի, արտագաղթի մի նոր ալիք կսկսվի։

«ԽՍՀՄ տարիներին եղել են ուսումնասիրություններ և գիտենք, թե ինչ քանակի ընդերք ունենք։ Այսօր լրացուցիչ ուսումնասիրվում է՝ օգտագործման նպատակով։ Մենք սեյսմիկ ակտիվ գոտում ենք, հետևաբար չպետք է նման ռիսկային քայլերի դիմել։ Այդ պարագայում պետք չէ հույս ունենալ, որ մենք ստորգետնյա հատվածում անվտանգ կաշխատենք»,- ասաց բնապահպանը։

Ուրանի որոնումները շարունակվելու դեպքում լեռնաձորցիները կլքեն իրենց բնակավայրը