Ուկրաինան կհավաքի «չեռնոբիլյան բերքը» ռադիոակտիվ հողերում

10:58 • 13.11.10

Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են չեռնոբիլյան հողերի հաշվին զարգացնել գյուղատնտեսությունը։
2011թ. մարտին Ուկրաինան կհրապարակի ճառագայթներից աղտոտված տարածքների գյուղատնտեսական յուրացման մասին համալիր ծրագիրը։ Այս մասին հայտնում է Независимая газета–ն։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարար Միխայիլ Բոլոտսկիխը օրերս հայտարարել էր, որ Ուկրաինայի կառավարությունում մշակվում է չեռնոբիլյան տարածքի հողերի յուրացման ծրագիրը։ Այդ առնչությամբ, սակայն, կառավարությունից որևէ բացատրություն չեն տվել։

«Печенеги» էկոլոգիական խմբի նախագահ Սերգեյ Շապարենկոն հայտարարել է, որ չեռնոբիլյան գոտուն վերագրվող տարածքների աղտոտվածությունը ի սկզբանե անհամաչափ է եղել։ Ինչպես նշում է հրատարակությունը, գոյություն ունի չեռնոբիլյան գոտու այսպես կոչված 4–րդ խումբ՝ մոտ 5 մլն հա տարածքով, որտեղից մարդիկ չեն հանվել։

Շապարենկոյի խոսքերով, «այդ տարածքում կան «հետքեր», այնտեղ ապրում է 2 միլիոնից ավելի մարդ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, ձուկ են որսում, սունկ հավաքում»։

«Կյանքը ապացուցել է,– նշել է Շապարենկոն,– որ ճառագայթների ազդեցության հետևանքների մասին կանխատեսումները չափազանց հոռետեսական էին։ Պարզվել է, որ էկոհամակարգերը «վերամշակում են» ճառագայթը ավելի արագ, քան սպասվում էր»։
Միաժամանակ որոշ փորձագետներ Ուկրիանայում մտավախություն են հայտնել, որ իրավիճակը հսկողությունից կարող է դուրս գալ, և շուկայում կարող են հայտնվել վտանգավոր գյուղատնտեսական ապրանքներ։

«Սա ուղղակի հանցագործություն է մշակել վարակված հողը՝ մեծացնելով օդի և ջրամբարների աղտոտվածությունը»,– հայտարարել է ճառագայթային–էկոլոգիական հսկողության կառույցներում աշխատած նախկին պաշտոնյան։

Իսկ Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյաններից մեկը նշել է, որ խոսքը չի գնում պարենամթերք աճեցնելու մասին, այդ տարածքներում նախատեսվում է կանճրակ աճեցնել, որը որպես հումք կօգտագործվի բիովառելիք ստեղծելու համար. «դա շատ հեռանկարային մշակաբույս է, որը Ուկրաինայից պատրաստ են գնել ԵՄ երկրները, Թուրքիան, ԱՄԷ–ն,Պակիստանը։
Նրա խոսքերով, այդ համատեքստում, ԵՄ–ն վերջերս Ուկրաինայի համար մշակել է չեռնոբիլյան գոտու հողերի յուրացման ծրագիր։ Սպասվում է, որ մինչև գարուն, այդ ծրագրով կհետաքրքրվեն ներդրողները։

Ուկրաինան կհավաքի «չեռնոբիլյան բերքը» ռադիոակտիվ հողերում