Facebook-ը 450 մլն դոլար է ներդնում տվյալների մշակման երկրորդ կենտրոնը ստեղծելու համար
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանց Facebook-ը պատրասվում է կառուցել տվյալների մշակման նոր կենտրոն, որի համար նախատեսել է ներդնել 450 մլն դոլար: Այս մասին ասվում է Facebook-ի պաշտոնական տեղեկատու էջում։
Նոր շենքի կառուցման աշխատանքների ղեկավար Թոմ Ֆարլոնգը հայտնել է, որ կենտրոնը պատրաստ կլինի մեկուկես տարվա ընթացքում. այն կտեղակայվի ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆորեսթ Սիթի քաղաքի հարևանությամբ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, տվյալների մշակման առաջին կենտրոնը Facebook-ը սկսել է կառուցել այս տարվա հունվարին Օրեգոն նահանգի Պրայինվիլ քաղաքում: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի:
The Wall Street Journal-ը գրում է, որ Հյուսիսային Կարոլինան ունի մի շարք առավելություններ` տվյալների կենտրոն կառուցելու համար: Առաջին հերթին այս նահանգում քիչ են էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ կլիման բարենպաստ է` չեն նկատվում ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, ինչը վնաս է միկրոէլեկտրոնիկայի համար:










