Կոսովոյում ապօրինաբար երիկամներ են փոխպատվաստել. մեղադրվում են կոսովցիներ, մի թուրք, մի իսրայելցի
Եվրամիության դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Կոսովոյում մարդու օրգանների ապօրինի փոխպատվաստման կազմակերպման համար կասկածվող առնվազն 9 մարդու։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով մեղադրական եզրակացությունը, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ։
Ըստ ԵՄ դատախազության աշխատակից Ջոնաթան Ռեյթելի, որը հոկտեմբերի կեսերին Կոսովոյի դատարաններից մեկին ներկայացված մեղադրանքի նախաձեռնողն է, չարագործները մեծամասամբ աղքատ խավի մարդկանց տեղափոխել են Կոսովո և նրանց երիկամները փոխպատվաստել իրենց հաճախորդներին։
Մեղադրյալները դոնորներին իրենց օրգանների դիմաց խոստացել են 20 հազար դոլար՝ այն դեպքում, երբ հաճախորդներից պահանջել են 110–137 հազար դոլար։
2008թ. շուրջ 20 օտարերկրացի, այդ թվում՝ Ռուսաստանից, Մոլդովայից, Ղազախստանից ու Թուրքիայից, «հավաքագրվել են փողի վճարման սուտ խոստումներով», ասվում է մեղադրական եզրակացությունում։
Ըստ Ռեյթելի՝ մեղադրանք է ներկայացվել Կոսովոյի 7 քաղաքացիների, այդ թվում՝ տեղի Առողջապահության նախարարության բարձրաստիճան մի ներկայացուցչի, ինչպես նաև մի թուրքի ու մի իսրայելցու նկատմամբ։ Նրանցից ոչ ոք դեռ ձերբակալված չէ։










