GITI 2010-ի 14 մրցանակներից 5-ը շահել են հայաստանյան ընկերությունները
GITI տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակներում կայացած մրցանակաբաշխությանը Հայաստանյան ՏՏ ոլորտի 5 ընկերություններ` X-TECH-ը, IDram-ը, EKENG-ը, LimeTech-ն ու Essential Solutions-ը, արժանացել են մրցանակների:
Ինչպես PCNews.am-ին ասել է X-TECH-ի տնօրեն Արման Աթոյանը, մրցանակաբաշխությանը մասնակցում էին տարբեր երկրների ավելի քան 200 ընկերություններ, և կոնֆերանսն ընձեռել է նոր կապեր, համագործակցություններ հաստատելու մեծ հնարավորություններ:
«X-TECH-ը հաղթել է «Լավագույն մուլտիմեդիա լուծում» անվանակարգում` ներկայացնելով DIGITEC EXPO 2010 մուլտիմեդիա CD-ն, որում ներառված էին ցուցահանդեսին մասնակցող բոլոր ընկերությունները, ինչպես նաև տեղեկություններ նրանց մասին»,- ասել է Աթոյանը:
«Տարվա լավագույն ինտեգրատոր» անվանակարգում հաղթած LimeTech ընկերությունը ներկայացրել էր Պետեկամուտների կոմիտեի համար նախատեսված ինֆորմացիոն տաղավարը, որը համալրված է բազմաթիվ նորարարական հնարավորություններով: Ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը նշել է, որ տաղավարը թույլ է տալիս հաշվետվություններ ուղարկել էլեկտրոնային եղանակով և ունի հայերեն լեզվով ստեղնաշար:
Համեմատելով Հայաստանի ու Վրաստանի ՏՏ ոլորտների զարգացման մակարդակը` Աթոյանն ասել է, որ Հայաստանում մասնավոր սեկտորը շատ ավելի զարգացած է, քան Վրաստանում, որտեղ հիմնականում ակտիվ է պետական հատվածը: «Վրացական պետական համակարգը համեմատաբար ավելի հագեցած է ՏՏ լուծումներով ու տարբեր համակարգերով, քան Հայաստանը»,- ավելացրել է Սաֆարյանը:
Նշենք, որ GITI 2010-ը կազմակերպվել էր Վրաստանի ՏՀՏ Գործարար խորհրդի և Արդարադատության նախարարության կողմից և նվիրված էր կիբերանվտանգության ու նորարարության հարցերին: Հայաստանից կոնֆերանսին մասնակցում էին 18 հայկական ընկերությունների 30 ներկայացուցիչներ, որոնց աջակցում էին USAID Caps-ը, D-Link-ը, և USAID RCI-ն:
GITI 2010-ում մրցանակներ էին սահմանված 14 անվանակարգերում: Անցյալ տարի մասնակից 29 հայկական ընկերությունները ստացել էին 12 մրցանակներից 4-ը:










