Հայաստանում դեղագործության ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ և լուրջ ներուժ

13:33 • 16.11.10

Երևանում այսօր անցկացվող Դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողովի ընթացքում քննարկվում են ոլորտի ներկա վիճակի, զարգացման հեռանկաների և տարբեր երկրների գործընկերների հետ հայ դեղարտադրողների համագործակցությունը խթանելու վերաբերյալ հարցեր։

Համաժողովն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված-Հայաստան» ծրագրի և Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախաձեռնությամբ։

«Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է տեղական ապրանքների արտահանման խթանման ռազմավարություն, որում մեծ տեղ է հատկացված նաև դեղերի ոլորտին։ Ուստի այս ոլորտն ունի շատ լուրջ ներուժ։ Հայկական դեղարտադրողները պետք է ավելի հավակնոտ և համարձակ լինեն իրենց ներդրումային քաղաքականությունում՝ ստեղծելով կայուն հիմքերով շուկա և ագրեսիվորեն օգտվելով համաշխարհային շուկայի ընձեռած հնարավորություններից»,- համաժողովում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

Ըստ նրա՝ դեղերի արտադրության ոլորտը տպավորիչ արդյունքներ ունի։ «Հայ դեղարտադրողների արտադրանքի մոտ 40 տոկոսն արտահանվում է հետխորհրդային երկրներ։ Եթե 2005-ին մոտ 1.5 մլն դոլարի արտահանման ծավալ կար, ապա 2009-ին այդ թիվը եռապատկվել է։ Այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա համամետ 19 տոկոս է կազմել արտահանման աճի տեմպը։ Հայաստանում դեղագործության զարգացման հիմքը ձևավորված է»,- մանրամասնեց նախարարը։

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առանձնացրեց ոլորտի հիմնախնդիրները՝ նշելով, որ դեղը պետք է լինի անվտանգ, որակյալ և մատչելի սպառողի համար։ Սակայն, ըստ նրա, Հայաստանում այս ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ։

Դրանք են ստանդարտների, պատշաճ կլինիկական գործունեության, պատշաճ դեղատնային և արտադրական գործունեության բացակայությունը։ Այս խնդիրները և ոլորտի ստուգումների իրականացումն, ըստ Բաբլոյանի, պետք է օրենսդրությամբ կարագավորվի։ Նրա տեղեկացմամաբ՝ շուտով ԱԺ-ում կսկսվեն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկումները։

 

Հայաստանում դեղագործության ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ և լուրջ ներուժ