Facebook-ը միավորել է էլ-փոստը, չաթն ու SMS-ը
Facebook-ը թողարկել է նամակագրության նոր համակարգ, որն իր մեջ է միավորում ուղարկված նամակները, չաթը, SMS-ն ու էլ-փոստը: Նոր նախագծի մասին հատուկ հրավիրված միջոցառման ժամանակ պատմել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Հիմնադիրը նշել է, որ այժմ 350մլն օգտատերեր ուղարկում են օրական 4 միլիարդ նամակ` չհաշված էջերի ու խմբերի նամակները: «Մենք աշխատել ենք ստեղծել այնպիսի համակարգ, որն իր մեջ կհավաքի հաղորդակցվելու բոլոր միջոցները, կպահպանի հաղորդագրությունների պատմությունը, և այս ամենը մեկ տեղում` համակարգված ու տեսակավորված»,- պարզաբանել է Ցուկերբերգը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, նոր համակարգը մշակվել է մոտ 15 ամսում: Սակայն այն չի պատրաստվում «սպանել» Gmail-ին ու Yahoo-ին, քանի որ հիմնովին տարբերվում է ավանդական էլ-փոստից: Ցուկերբերգի կարծիքով` էլեկտրոնային հաղորդակցությունը ապագայում շատ կտարբերվի այժմյան փոստարկղերից և կլինի ավելի օպերատիվ ու հարմար օգտագործման համար:










