Google-ի նոր սմարթֆոնը կփոխարինի կրեդիտ քարտերին
Web 2.0 գագաթնաժողովին Google-ի գլխավոր տնօրեն էրիկ Շմիտդը ցուցադրել է դեռևս պաշտոնապես չներկայացված կոմունիկատոր, որը հիմնված է Android օպերացիոն համակարգի վրա:
Ցուցադրված սարքը նույն Nexus S մոդելն է, որի մասին արդեն վաղուց խոսակցություններ են պտտվում ցանցում:
Շմիտդի խոսքերով` հեռախոսն օգտագործում է Android 2.3 (Gingerbread) օպերացիոն համակարգը, որը կթողարկվի մի քանի շաբաթ հետո: Բացի այդ, հեռախոսն ունի ներդրված NFC (Near Field Communication) չիպ, որի օգնությամբ օգտագործողները կկարողանան վճարել գնումների և ծառայությունների դիմաց, ստանալ տեղեկատվություն վճարումների մասին և այլն:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, այսօրվա դրությամբ հայտնի է միայն, որ կոմունիկատոր Nexus S-ը համալրված է երկու տեսախցիկով, և հեռախոսի մշակմամբ զբաղվում է հարավկորեական Samsung ընկերությունը:
Երբ և ինչ գնով է վաճառվելու Nexus S-ը՝ դեռևս հայտնի չէ: Wired-ի փոխանցմամբ` չի բացառվում, որ հեռախոսը պաշտոնապես ներկայացվի CES 2011 ցուցահանդեսում, որը կբացվի հունվարի 6-ին Լաս Վեգասում:










