Գնացքի տոմսերի առք ու վաճառքը Հայաստանում կիրականացվի ավտոմատացված համակարգով
7 ամսից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում տոմսերի առք ու վաճառքը կիրականացվի ավտոմատացված համակարգով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 5-ին «ՀԿԵ»-ն վրացական երկաթուղու հետ պայմանագիր է կնքել, որում ամրագրված է, որ 7 ամսվա ընթացքում Հայաստանի երկաթուղում կկիրառվի «Օրիոն» անվամբ ծրագիր: Դավթյանի խոսքով, այս նոր ծրագիրը թույլ կտա զերծ մնալ տոմսերի առք ու վաճառքի հետ կապված սխալներից ու բացթողումներից:
«Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ անցյալ տարի ամառային փոխադրումների ժամանակ մենք բախվեցինք մի շարք խնդիրների: Դեռ անցյալ տարի ընկերությունը նպատակ է ունեցել ավտոմատացված համակարգ կիրառել, որի համաձայն տոմսերի ձևակերպումն ու գնումը, առքն ու վաճառքը, տեղի կունենա որոշակի ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաձայն»,- նշեց նա:
Վահե Դավթյանը համոզմունք հայտնեց, որ նոր համակարգի պարագայում ընկերությունը նույնիսկ ամառային թեժ շրջանում պարզապես զերծ կմնա տոմսերի առք ու վաճառքի հետ կապված խնդիրներից:










