87 տոկոս հարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել. մասնագետ
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում լրագրողների խնդրանքով անդրադարձավ վերջերս Վրաստանում կատարված ձերբակալություններին, այն մեղադրանքներին, համաձայն որոնց՝ Հայաստանից հարստացված ուրան է արտահանվել Վրաստան։
«Հայաստանում գտնվող բոլոր միջուկային վառելիքները, սկսած Ատոմակայանում եղած վառելիքից մինչև տարբեր կազմակերպություններում եղած աննշան քանակությամբ նյութերը, գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։ Թե ինչպես է այդ հարստացված նյութը հայտնվել Վրաստանում, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Նման նյութ Հայաստանում չի եղել և չկա։ Ինչպե՞ս է դա հայտնվել Հայաստանում կամ միգուցե չի էլ հայտնվել, մենք տեղեկություն չունենք»,- ընդգծեց մասնագետը։
Ըստ նրա՝ քանի դեռ հետաքննությունն ավարտված չէ, հստակ հայտնի չէ՝ այդ հարստացված ուրանը Հայաստանով է արտահանվել Վրաստան, թե ոչ։
Ըստ Մարտիրոսյանի՝ Վրաստանում հայտնաբերված ուրանը եղել է 87 տոկոս հարստացված։ «87 տոկոս հարստացված ուրան Հայաստանում ընդհանրապես չի եղել»,- հավաստեց նա։
Պահեստարանից նույնպես, ըստ Մարտիրոսյանի, հնարավոր չէ հարստացված ուրան դուրս բերել։ «Մեր պահեստարանի ուրանի քաշը 250 կգ է։ Եթե մեկը փորձի մոտենալ պահեստարանին և ուրան հանել, կստանա այնքան մեծ քանակությամբ ռադիոակտիվ ճառագայթում, որ տեղում կմնա»,- նշեց նա։
Քանի որ, ըստ Մարտիրոսյանի, Հայաստանում նման միջուկային նյութ չկա և չի էլ եղել, հետևաբար այս դեպքը չի կարող բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ «Հայաստանը կատարում է Վիեննայի կոնվենցիայով ստանձնած բոլոր պարտականությունները։ Մինչ օրս որևէ շեղում չունենք»,- ասաց Մարտրոսյանը։










