Հին հռոմեական մեթոդը կրթության ոլորտում կիրառելի չէ. Արմեն Աշոտյան
«Հանրակրթության ոլորտում այսօր կոռուպցիան դրամահավաքի տեսքով շարունակվում է։ Դրամահավանքեր, որոնք ցավոք չեն դադարում։ Դրամահավաքների չափերը տարբեր են լինում՝ մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դրամ։ Այդ հավանքերն արտոնված չեն օրենքով, և նման միջոցառումներ դպրոցների տնօրինությունն իրավունք չունի անցկացնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով նախարարության հակակոռուպցիոն ծրագրի մասին։
Ըստ նրա՝ այս ծրագրով առաջարկվում են կտրուկ փոփոխություններ, որոնք կյանքի կոչելու համար վարչապետի հանձնարարականը շատ լավ առիթ է։
Աշոտյանը նաև նշեց, որ այսօր բուհերում կոռուպցիոն դրսևորումներ հիմնականում նկատվում են ընթացիկ և ավարտական քննությունների ժամանակ։
Նախարարության հակակոռուպցիոն ծրագիրը, որն արդեն վարչապետի հավանությանն է արժանացել, 16 միջոցառումներից է բաղկացած։
Նախարարը մանրամասնեց ծրագրի հիմնական ուղղությունները։ Առաջին հերթին պետք է իրականացվեն իրավական բարեփոխումներ։ Ըստ Աշոտյանի՝ այսօր շատ օրենքներ ունեն լղոզված և երկիմաստ ձևակերպումներ։
Երկրորդ ուղղությունը կառավարման որակի բարձրացումն է։ «Կոռուպցիոն ռիսկերը հաճախ կուտակվում են այնտեղ, որտեղ կառավարման որակը ցածր է։ Նախարարությունից մինչև դպրոցների խուրհուրդներ աշխատանքի որակի բարելավում է լինելու»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ մարզերի և մայրաքաղաքի կրթության վարչությունները ստուգումների կենթարկվեն։
Երրորդ ուղղությունն, ըստ նախարարի, հրապարակային աշխատանքն է։
Ծրագրի հաջորդ կետով կհստակեցվեն ֆինանսավորման մեխանիզմները։ «Դպրոցները, քոլեջներն ու բուհերն առաջիկա 2 տարիներին կֆինանսավորվեն նոր մեխանիզմներով։ Այն է՝ այսօր գոյություն ունեցող մեխանիկական ֆինանսավորման համակարգը չի լինի։ Կլինի որակից կախված ֆինանսավորում։ Այն դպրոցները, քոլեջները և բուհերը, որոնք կրթության որակ չեն ապահովի, չեն ստանա համապատասխան ֆինանսավորում»,- ասաց նախարարը։
Ծրագրի հաջորդ ուղղությունը ոլորտում վերահսկողության ուժեղացմանն է ուղղված լինելու։
Նախարարությունը կարևում է նաև այն, որ հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնելիս անհրաժեշտ է համագործակցել ուսանողական և ծնողական խորհուրդների հետ, արժևորել գիտելիքը։
Ծրագրով կտրուկ փոփոխությունների կենթարկվի ընդունելության քննությունների համակարգը։ Նախատեսվում է 2012թ-ից ստեղծել թեստերի քննական շտեմարաններ և քննական թեստերը վերցնել միայն այդ շտեմարաններից։ Կընդլայնվեն նաև բուհական խորհուրդների լիազորությունները։
Աշոտյանի խոսքով՝ հին հռոմեական «այստեղ և հիմա» մեթոդը, ցավոք, կրթության ոլորտի համար կիրառելի չէ։ Ոլորտն ունի շատ խնդիրներ, որոնց մի մասը լուծման ճանապարհին են։










