Google-ը կրկին մեղադրվում է. որոնման ավտոմատ գործընթացը զերծ չէ միջամտությունից
Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Բեն Էդելմանի` Google-ը ցանցում իրականացվող որոնման արդյունքները մանիպուլյացիայի է ենթարկում` սեփական ծառայությունները զարգացնելու նպատակով:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, որոնողական ցանցի այս կանխամտածված քայլը չի համապատասխանում ընկերության հիմնական սկզբունքներին, ինչը նախատեսում է որոնման արդյունքների սահմանման ավտոմատ գործընթաց` զերծ միջամտությունից: Փորձագետի կարծիքով` ցանցն այնպես է կառուցված, որ որոնման առաջին տողերի արդյունքների հղումը կատարվի ընկերությանը պատկանող կայքերին: Որոնման արդյունքների դասակարգումը կատարվում է ըստ PageRank-ի նշանակության, որի սահմանման ալգորիթմը գաղտնի է պահվում:
Ըստ Էդելմանի` ինտերնետային որոշ հարցումների դեպքում նախապատվություն տրվում է Google-ին պատկանող կայքերին: Քննադատելով որոնողական հսկային` Էդելմանը բերում է նաև հստակ օրինակներ: Այսպես` որևէ ընկերության բորսայական հապավմանը վերաբերող հարցումների դեպքում գտնված արդյունքների ցուցակը գլխավորում է Google Finance ծառայությանը տրված հղումը: Իսկ եթե հարցման տեքստում ստորակետ է դրվում (օրինակ` GOOG,), ապա գտնված արդյունքները գլխավորում է Yahoo! Finance բորսայական ծառայության համապատասխան էջը: Ընդ որում` Էդելմանը Google-ին մեղադրում է այն բանում, որ վերջինս շահադիտական նպատակներով նախապատվություն է տալիս նաև այլ աղբյուրների` մեծացնելով վերջիններիս այցելուների թիվը:










