Պայմանագրի ուժը ստորագրությունների և ոչ թե դիզայնի մեջ է. հիշեցնում է ԿԳ նախարարը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադրաձավ այս ուսումնական տարվանից Հայաստանի դպրոցներում կիրառվող դպրոցական պայմանագրերին։ Ըստ նախարարի՝ տարիներ շարունակ մեր դպրոցներում պայմանագիր հասկացությունը չի գործել։ «Ծնողը երեխային ուղարկել է դպրոց, ոչ դպրոցն է հստակ պարտավորություններ ունեցել երեխայի և ծնողի առջև, ոչ երեխան ու ծնողը՝ դպորցի առջև։ Դպրոցական պայմանագրերն այս տարի առաջին անգամ են ընդունվել, սա օրենքի պահանջ է»,- ընդգծեց նախարարը։
Անդրադառնալով այն լուրերին, թե որոշ դպրոցներում այդ պայմանագրերը մեկ օրինակից են կնքվում, Աշոտյանը հիշեցրեց. «Պայմանագիրը պետք է լինեն երեք օրինակից, որպեսզի հարկ եղած դեպքում նախարարությունը կարողանա մեկ օրինակն էլ պահանջել և ծանոթանալ»։
Նախարարը նաև ծնողներին տեղեկացրեց. «Պայմանագիրը կարող եք կնքել սովորական թղթի վրա։ Բոլոր դպրոցներում վաճառում են գեղեցիկ դիզայնով թղթեր, որոնց արժեքը 150 դրամ է։ Դա նախարարության պահանջը չէ, եթե ծնողն ուզում է գեղագիտական դրսևորում ունենալ, կարող է գնել դիզայնով պայմանագիր, սակայն տեքստը դրանից չի փոխվում։ Ծնողները կարող են հրաժարվել և չգնել այդ դիզայնով թուղթը»։ Ըստ Աշոտյանի՝ պայմանագրի ուժը ստորագրությունների և ոչ թե դիզայնի մեջ է։










