Հայաստանում տղամարդկանց մոտ էլ է կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում

16:21 • 19.11.10

Հայաստանում տարեցտարի կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի աճ է նկատվում։ Դա մասնագետները բացատրում են ինչպես մեր օրերում առավել հաճախ հանդիպող սթրեսներով, այնպես էլ բժշկին դիմելու կուլտուրայի ձևավորմամբ։ Թեև հայ կանայք չեն սիրում բժշկի դիմել, սակայն 1990-ականների համեմատ բարելավվել է հաճախելիության ցուցանիշը։ «1996թ.-ին մարդիկ անգամ չգիտեին, թե ինչ բան է մամոգրաֆիան, իսկ այժմ դիմում են մեզ։ Հայ կանայք այսօր վախենում են դիմել բժշկի, նրանց մեծ մասը նշում է՝ ավելի լավ է չիմանամ։ Բայց դա սխալ մոտեցում է։ Այն, ինչը կարելի է կանխարգելել, բարդացած փուլում արդեն հնարավոր չէ բուժել։ Վախենալ կրծքագեղձի քաղցկեղից պետք չէ, որովհետև, եթե այն հայտնաբերվում է վաղ փուլում, կարելի է բուժել՝ երկարեցնելով հիվանդի կյանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մամոգրաֆիայի կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Հակոբյանը։

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղի տեսակների թվում առաջին տեղն է զբաղեցնում։ Երկրորդ տեղում արգանդի վզիկի քաղցկեղն է։ Սա քաղցկեղի միակ տեսակն է, որը վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր է լիարժեք բուժել։
Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը մեծ տարածում գտնելուց բացի նաև «երիտասարդացել է»։ Հաճախ են գրանցվում դեպքեր, երբ այս հիվանդությունը հայտնաբերվում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Սակայն ռիսկային խմբում են հատկապես 45-55 տարեկան կանայք։

Բժիշկները կանանց խորհուրդ են տալիս ամսական մեկ անգամ շոշափել կուրծքը և որևէ փոփոխություն հայտնաբերելու դեպքում անպայման դիմել մասնագիտացված կենտրոններ։ Իսկ ընդհանրապես այս հիվանդությունը կանխարգելելու համար ցանկացած կին տարեկան մեկ անգամ պետք է բուժզննում անցնի։

Մամոգրաֆիայի կենտրոնում 1997թ.-ից մինչև այսօր լիարժեք բուժում է ստացել կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 2500 կին։ Ամսական այստեղ 30-40 կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք է գրանցվում։
Մասնագետը նաև նշեց, որ, ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանում հետազոտության գները մատչելի են։ Օրինակ՝ Մամոգրաֆիայի կենտրոնում մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտությունը միասին ընդամենը 11 հազար դրամ արժե։ «Եթե կինն օրական ընդամենը 10 դրամ գցի փոքրիկ տարայի մեջ, իր տարեկան զննությունը կապահովի»,- ընդգծեց Հակոբյանը։

Նշենք, որ այս հիվանդության առաջացման հիմնական պատճառները սթրեսներն են։ Կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար կինը պետք է առաջին անգամ ծննդաբերի մինչև 30 տարեկանը, կրծքով երեխային ավելի երկար կերակրի, մինչև 35 տարեկանը որքան հնարավոր է շատ ծննդաբերի։ Ռիսկի գործոններ են նաև տարիքը և ժառանգականությունը։
Ի դեպ՝ տղամարդիկ նույնպես ապահովագրված չեն այդ հիվանդությունից։ Մամոգրաֆիայի կենտրոնում հետազոտված տղամարդկանցից 18-ի մոտ նույնպես կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։

Հայաստանում տղամարդկանց մոտ էլ է կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում