«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ բրայլյան բազմալեզու վահանակներ են պատրաստվել

18:43 • 19.11.10

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կույրերի մշակույթի տանը տեղի է ունեցել բրայլյան այբուբենով գրված բազմալեզու վահանակների շնորհանդեսը: Վահանակները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ տեղադրվելու են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մոտ:

«Հայաստանը` բրայլյան այբուբենով» նախագծի նպատակը Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ այցելող թույլ տեսողությամբ և կույր մարդկանց իրենց իսկ այբուբենով՝ արևելահայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով հուշարձանների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռելն է: Վահանակներն այցելուներին ծանոթացնում են տվյալ վայրին և հնարավորություն են տալիս կիրառելու ԱՄԱՓ-ի կողմից ծրագրված «Աուդիո տուր» ծրագիրը, որը կույր և թույլ տեսողություն ունեցող այցելուներին հնարավորություն կընձեռի ինքնուրույն զբոսապտույտ կատարելու տվյալ վայրում:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի տարբեր վայրերում տեղադրվելիք բրայլյան այբուբենով պատրաստված 21 վահանակների բացումը, որոնցից ինը նախատեսված են Երևանի կենտրոնական հատվածի համար: Դրանք կտեղադրվեն գարնանը Երևանի 18 հիմնական վահանակների հետ միասին:

«Սովորելն ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելը թույլ տեսողությամբ և կույր մարդկանց երազանքն է։ Կարևոր է, որ հասարակությունը գիտակցի կույրերի` տեղեկատվություն ստանալու հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն արդեն վաղուց առկա է զարգացած երկրներում: Մեր հայրենակիցները մեզ պես հավասար իրավունքներ ունեն` սովորելու և ակտիվ ժամանցի, հետևաբար նրանց համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ: Լինելով պատասխանատու ընկերություն՝ մենք հնարավորինս աջակցում ենք այսօրինակ նախագծերին, որոնց շնորհիվ թույլ տեսողությամբ և կույր մարդիկ կզգան իրենց հասարակության լիարժեք անդամներ և կվայելեն ընթերցելու ու սովորելու բերկրանքը»,- նշել է ԱՄԱՓ-ի ծրագրերի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ բրայլյան բազմալեզու վահանակներ են պատրաստվել