«ԱրմՌոբոտիքս» ակումբի շրջանակներում կստեղծվի թռչող սարքերով զբաղվող խումբ

17:46 • 20.11.10

Հայաստանում կստեղծվի խումբ, որը կզբաղվի ավիամոդելիզմով, թռչող սարքերի նախագծմամբ ու պատրաստմամբ: Այս որոշումն ընդունվել է «ԱրմՌոբոտիքս» ակումբի 3-րդ հանդիպմանը, որտեղ կայացել է «Ռադիոհեռակառավարվող թռչող սարքեր» թեմայով շնորհանդես: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

«ԱրմՌոբոտիքս» ակումբի նպատակն է համախմբել տեխնոլոգիական ոլորտով և ռոբոտաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին, հնարավորություն տալ մասնակիցներին քննարկել ոլորտին վերաբերող և իրենց հետաքրքրող հարցերը, մշակել առաջարկներ ու իրականացնել դրանք: «ԱրմՌոբոտիքս»-ի մենեջեր Մարիամ Նահապետյանի խոսքով` այժմ աշխատանքներ են տարվում միջազգային մրցույթներին մասնակցելու ուղղությամբ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Կապի ինստիտուտի հետ, որը ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդներին կտրամադրի մասնագիտական օգնություն: Նախատեսվում է նաև կազմակերպել մրցույթներ դպրոցականների համար, որոնց ուղղություն ցույց կտան ակումբի անդամները:

Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը («ArmRobotics») առաջին անգամ կազմակերպվել է դեռևս 2008 թ. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից: Առաջնության նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, զարգացնել Հայաստանում ռոբոտաշինությունը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը, ինչպես նաև խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:

 

«ԱրմՌոբոտիքս» ակումբի շրջանակներում կստեղծվի թռչող սարքերով զբաղվող խումբ