Վրաստանում դարձյալ ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել

11:27 • 20.11.10

Վրաստանի իրավապահ մարմինները նախօրեին Թբիլիսում ձերբակալել են 4 անձի, ովքեր կասկածվում են ռադիոակտիվ նյութերի, մասնավորապես՝ ցեզիում-137-ի վաճառքի մեջ։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Նշենք, որ ցեզիում-137-ն օգտագործվում է արդյունաբերության ու առողջապահության ոլորտներում, նաև՝ միջուկային զենքի արտադրությունում։ Ըստ մասնագետների՝ ռադիոակտիվ այդ նյութը համապատասխան պայմաններում չպահելու դեպքում կյանքի համար վտանգ է ներկայացնում։

Վրաստանի իրավապահները ցեզիում-137-ը հայտնաբերել են Թբիլիսիի բնակարաններից մեկում, որտեղ ընտանիք է բնակվել։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է վտանգավոր այդ նյութը հայտնվել բնակարանում և ինչ նպատակով է պահվել այնտեղ։

Վրացական լրատվամիջոցները հիշեցնում են, որ այժմ Վրաստանում դատական գործ է ընթանում Հայաստանի երկու քաղաքացիների դեմ, ովքեր փորձ էին արել Վրաստանի տարածք անցկացնել հարստացված ուրան և վաճառել այն։ Ըստ հաշվարկների՝ հայերի մոտ հայտնաբերված հարստացված ուրանի արժեքը կազմում է 1.5 մլն դոլար։

Վրաստանում դարձյալ ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել