Motorola-ն մասնատվում է
Ամերիկյան Motorola ընկերությունն արդեն 2011թ. հունվարին կբաժանվի երկու մասի: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Motorola-ի գլխավոր տնօրեն Գրեգ Բրաունի համապատասխան հայտարարությունը: Ընկերությունում այժմ գործում է երկու գրեթե անկախ ստորաբաժանում:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, Motorola Mobility-ն պատասխանատու է բջջային հեռախոսների և սպառողական այլ էլեկտրոնիկայի համար, իսկ Motorola Solutions-ը համակարգեր է մշակում մասնավոր և պետական մարմինների համար: Բաժանման արդյունքում, որի մասին առաջին անգամ սկսել են խոսել դեռ երկու տարի առաջ, այս ստորաբաժանումները կվերածվեն ինքնուրույն ձեռնարկությունների:
Motorola Solutions-ի ապագա տնօրեն Բրաունի խոսքով` հաջորդ տարում ընկերության բիզնեսը կաճի 4-5%-ով, իսկ երկարաժամկետ հեռանկարում` ավելի քան 8%-ով: Փորձագետների կարծիքով` Motorola Mobility-ի կառուցվածքի փոփոխության հետևանքները դեռ բարդ է կանխատեսել, սակայն առայժմ այն ճիշտ ուղեգծով է ընթանում: Ընկերությունը շուկա է պատրաստվում դուրս բերել հետաքրքիր և մրցունակ Android լուծումներ: Նշենք, որ ըստ ամերիկյան Gartner վերլուծական ընկերության տվյալների` 2010թ. 2-րդ եռամսյակում Motorola-ի բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքների մասնաբաժինը կազմել է ընդամենը 2,8%, ինչը կրկնակի ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Մինչդեռ ամերիկյան մեկ այլ վերլուծական ընկերություն` iSupli-ը, նշում է, որ սմարթֆոնների շահութաբեր և հեռանկարային ոլորտում Motorola-ի մասնաբաժինն անգամ փոքր-ինչ աճել է` 2010թ. 1-ին եռամսյակի համեմատ, իսկ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ ընկերության սմարթֆոնների վաճառքը շահութաբեր է եղել:










