Հայերը ստանում են մագիստրոսի կոչում և զբաղվում կոշկակարությամբ
Հայերը գերադասում են բարձրագույն կրթությունը միջին մասնագիտական կրթությունից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը՝ ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ։
Այսպես, Եվրոպայում կրթություն ստացողների 60-70 տոկոսը բաժին է ընկնում միջին մասնագիտական կրթությանը։ Հայաստանում այդ թիվը կազմում է 30 տոկոս։
Վարչության պետը նաև անդրադարձավ դասախոսների աշխատավարձերին. կրթության ոլորտում ամենացածր աշխատավարձը ստանում են միջին մասնագիտական կրթության դասախոսները։ Աբրահամյանի խոսքով՝ նրանց միջին աշխատավարձը կազմում է 35–40 հազար դրամ։ Այս սեկտորի դասախոսների աշխատավարձերի բարձրացման հարցով ԿԳՆ–ն մտադիր է դիմել ֆինանսների նախարարությանը։ «Ցանկալի է, որ տարեկան աշխատավարձը բարձրանա 10–15 տոկոսով»,– նկատեց նա։
Իր հերթին մասնագիտական կրթության և ուսուցման ազգային փորձագետ Մարինե Հակոբյանը նշեց, որ մասնագիտական կրթությունը շատ կարևոր է, քանի որ ապահովում է սպասարկման ոլորտը։ «Ամեն մի կրթություն իր խնդիրներն է լուծում։ Մարդիկ 5 տարի սովորում են բարձրագույն կրթություն ստանալու համար, իսկ հետո գնում են վարպետի մոտ, օրինակ, վարսավիրություն սովորելու համար»,– նկատեց նա։
Հակոբյանը պատմեց, որ ինքը հանդիպել է մի մարդու, որը ստացել է մագիստրոսի կոչում, սակայն փող վաստակելու համար սկսել է զբաղվել կոշկակարությամբ։










