Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 50 տոննա ապարախյուս հոսել է Ողջի գետ
ՀՀ բնապահպանության նախարարության, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը ահազանգ է ստացել, որ վթարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակը, ինչի հետևանքով կեղտաջրերը հոսում են Ողջի գետ: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։
Տարածքային բաժնի տեսուչները մեկնել էին դեպքի վայր և պարզել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի հատակային մասը 36մմ-ով ճեղքվել էր: Այդ ընթացքում մոտ 50 տոննա ապարախյուս հոսել է Ողջի գետ, կախյալ նյութերը ըստ լաբորատոր ֆիզիկոքիմիական հետազոտության կազմում են 9.990 միլիգրամ լիտր:
Վթարից անմիջապես հետո ձեռնարկվել են վերանորոգման աշխատանքներ` փակվել է պոչատարը, հոսքաջրերի ուղղությունը տեղափոխելով պահեստային պոչատար, ինչից հետո վերականգնել են ճեղքված հատվածը:
Հաշվարկվել է բնության հասցված վնասը, ինչը կազմել է 650.000 դրամ և կայացվել է 100 հազ, դրամի վարչական տուգանքի որոշում:
Վթարն ամբողջությամբ վերացված է, գործում է նախկին պոչամբարը։










