Երևանում բացվեց մարտկոցների արտադրությամբ զբաղվող «Էլբատ» գործարանը

16:09 • 23.11.10

Եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ընկերությունն այսուհետ Հայաստանում կարտադրի կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցներ՝ միաժամանակ ապահովելով դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումը։ Այսօր Հայաստանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Շարուրի 37/29 հասցեում գտնվող «Էլբատ» ընկերության նորակառույց գործարանի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին նան Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և այլ հյուրեր։

Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությանը, իսկ 49 տոկոսը՝ հայկական կողմին։

«Հայաստանում մեկ տարվա ընթացքում սպառվում է ավելի քան 180 հազար մեկնարկային մարտկոց։ Տարածաշրջանում 1000կմ շառավղով բացակայում է մեկնարկային մարտկոցների արտադրությունը»– լրագրողներին տեղեկացրեց «Էլբատ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Աբրահամյանը։

Նրա տեղեկացմամբ, ընկերության արտադրական հզորությունը մեկ հերթափոխով աշխատելու դեպքում տարեկան կազմում է 150 հազար միավոր, երկու հերթափոխով աշխատելու դեպքում՝ 300 հազար միավոր, իսկ 3 հերթափոխով աշխատելու դեպքում ընկերությունը հնարավորություն կունենա ոչ միայն բավարարել Հայաստանի պահանջարկը, այլև արտահանել արտադրանքը։ Գործարանի տարեկան արտադրողականությունը կազմում է մինչև 500 հազար միավոր։
Սամվել Աբրահամյանի խոսքով, այս պահին ձեռնարկությունում աշխատում է 145 մարդ, որոնց նվազագույն աշխատավարձը կազմում է 206 հազար դրամ։

« 2007թ. շուկան ուսումնասիրելիս որոշում կայացվեց Հայաստանում ստեղծել մարտկոցների արտադրություն, կատարվեցին ուսումնասիրություններ, ստեղծվեց բիզնես պլան և բիզնես պլանի վրա 2008թ. ձմռանը սկսվեց կառուցումը»,– լրագրողներին գործարանի կառուցման պատմությունն այսպես ներկայացրեց «Էլբատ» ընկերության տեխնիկական տնօրեն Հակոբ Հակոբյանը։
2008–2010թթ. գործարանում կատարվել է շուրջ 17,5 մլն եվրոյի ներդրում։

Երևանում բացվեց մարտկոցների արտադրությամբ զբաղվող «Էլբատ» գործարանը