Emmy արձանիկների մեծ մասը գնացին Մեծ Բրիտանիա
Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել Emmy ամերիկյան ամենամյա միջազգային հեռուստատեսային մրցանակաբաշխությունը, որը Օսկարի նմանօրինակն է համարվում հեռուստատեսային արվեստում։ Բրիտանացիները հաղթող են ճանաչվել մրցանակաբաշխության անվանակարգերի մեծ մասում։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։
Emmy-ն հիմնադրվել է 1969 թ.՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս հեռուստատեսության զարգացմանը աջակցելու նպատակով։
Մասնավորապես, դերասան Բոբ Հոսքինսը ճանաչվել է 2009թ. հեռուստատեսային սեզոնի լավագույն դերասան՝ BBC–ի արտադրության «Փողոցը» դրամատիկ հեռուստատսերիալում դերակատարման համար։
Հելենա Բոնեմ Քարտերը ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի՝ «Էնիդ» ֆիլմում իր դերակատարման համար, որը պատմում է Անգլիայում շատ հայտնի գրող Էնիդ Բլայթոնի կյանքի մասին։
Եվս մեկ արձանիկ շնորհվել է անգլիացի պրոդյուսեր–սցենարիստ Ջիմի Մակգավերնին՝ «Փողոցը» հեռուստասերիալում իր կատարած աշխատանքների համար, իսկ անգլիացի դերասան Ջեյսոն Փրիսթլին Emmy է ստացել երեխաների և պատանիների համար նախատեսված հեռուստանախագծի համար։
Լավագույն հեռուստաֆիլմ է ճանաչվել «Փոքր կղզին», որը պատմում է ետպատերազմյան շրջանում Լոնդոն գաղթած ճամայկացիների կյանքի մասին։
Երկու հատուկ անվանակարգում հաղթող են ճանաչվել հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Սեյմոն Քոուելը՝ «Մշակութային սահմաններից դուրս հեռուստատեսային արվեստում նշանակալից ձեռքբերման և համաշխարհային հանրության առջև հատուկ ավանդների համար», ինչպես նաև պրոդյուսեր Լորնի Մայքլզը։
Մնացած արձանիկները բաշխվել են 5 տարբեր երկրների միջև. Իսրայելը մրցանակ է ստացել «Լուսացույցը» հեռուստակատակերգության համար,Պորտուգալիան Emmy–ի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ մրցանակ է ստացել «Իմ սերը» հեռուստանովելի համար, Արգենտինան ևս առաջին անգամ մրցանակ է ստացել «Զվարճալի իմպրովիզացիոն հաղորդում» անվանակարգում՝ լուրերի երգիծական լուսաբանման համար։ «Լավագույն փաստագրականություն» անվանակարգում միաժամանկ հաղթող են ճանաչվել Հարավային Կորեան (քաղցկեղով հիվան կնոջ կյանքի մասին պատմող հաղորդման համար) և Ռումինիան (գործազուրկ, տաղանդավոր նկարչի ճակատագրի մասին պատմող ֆիլմի համար)։
Նշենք, որ բոլոր10 արձանիկների համար, չհաշված «հեղինակավոր անվանակարգերը», պայքարել է 39 թեկնածու՝ 15 երկրից։ Մրցանակաբաշխությանը մասնակցել է հեռուստատեսային աշխարի շուրջ 1000 ներկայացուցիչ, համաշխարհային հայտնի ԶԼՄ–ների 200 լրագրող և լուսանկարիչ։










