Իրանի միջուկային ծրագրի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել

21:09 • 23.11.10

Իրանի միջուկային ծրագրի իրականացման ժամանակ լուրջ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք հանգեցրել են ուրանի հարստացման նպատակով գործի դրված հազարավոր ցենտրիֆուգների աշխատանքների դադարեցման։ Այս մասին հայտնում է Associated Press–ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։

Ցենտրիֆուգների աշխատանքների խափանման պատճառը չի հաղորդվում։

Միաժամանակ փորձագետները նշում են, որ խնդիրներն առաջացել են համակարգչային Stuxnet վիրուսի պատճառով, որն իբր ստեղծված է եղել Իրանի միջուկային ծրագրի իրականացման համար պատասխանատու համակարգերի աշխատանքը խափանելու նպատակով։ Այդ վիրուսի «շնորհիվ» ցենտրիֆուգները չափազանց մեծ արագությամբ են բանեցվում, ինչն էլ հանգեցնում է վերջիններիս՝ շարքից դուրս գալուն։

Նշենք, որ Իրանի կենտրոնական մասում գտնվում է միջուկային վառելիքի հարստացման համար նախատեսված նվազագույնը 8500 ցենտրիֆուգ։

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ իրանական միջուկային ծրագիրը արագ զարգացումից հետո այժմ որոշ չափով դանդաղել է, իսկ այդ ծրագրի զարգացման համար նախատեսված սարքավորումների շատ մասեր գնալով շարքից դուրս են գալիս։
Կատարվածի վերաբերյալ Իրանը պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի արել։
 

Իրանի միջուկային ծրագրի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել