WikiLeaks-ը կհրապարակի 3 մլն գաղտնի փաստաթուղթ

13:37 • 23.11.10

WikiLeaks կայքը նախատեսում է մոտ 3 մլն գաղտնի փաստաթուղթ հրապարակել։ Այս մասին հայտնում է ВВС–ն։

Կայքը, սակայն, դեռևս չի հայտնում, թե դա երբ է լինելու, ինչպես նաև պարզ չէ, թե ինչ թեմայի են նվիրված լինելու այդ փաստաթղթերը։ Այդուհանդերձ այս նոր հրապարակումն իր ծավալով 7 անգամ ավելի մեծ է լինելու հոկտեմբերի սկանդալային հրապարակումից. այն ժամանակ հրապարակվեց 400 000 գաղտնի փաստաթուղթ Իրաքի պատերազմի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս կայքի հիմնադիր Ավստրալիայի 39-ամյա քաղաքացի Ջուլիան Ասանժի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրա ձերբակալման հրամանը տվել են Շվեդիայի իշխանությունները, որոնք կասկածում են Ասանժին բռնաբարության և ոտնձգությունների համար։

Երկու կին նրան մեղադրում են բռնաբարության, սեռական ոտնձգության երկու դեպքի և «ապօրինի հարկադրանքի» համար։Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին, երբ նա գտնվել է Շվեդիայում։

Կասկածյալն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները՝դրանք անվանելով հատուկ ծառայությունների «կեղտոտ քարոզարշավ», որը նպատակ ունի վարկաբեկել իրեն՝ Wikileaks կայքի գործունեության առնչությամբ։

 

WikiLeaks-ը կհրապարակի 3 մլն գաղտնի փաստաթուղթ