Անվճար Wi-Fi ծառայություն՝ Երևանի 4 գոտիներում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայությունը գործարկելու մասին: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոթբուք համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում.
- Հայաստանի պետական տնտեսագիտկան համալսարան
- Հայկական պետական մանկավարժական համալսարան
- Օպերային հարող տարածք
- Հայաստանի հանրային գրադարան
Wi-Fi համակարգով ինտերնետից կարելի է անվճար օգտվել 2 ամիս: Միանալու համար ընդամենը անհրաժեշտ է փնտրել VivaCell-MTS անվանումով ցանցը և միանալ դրան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայությունը տարբեր մասնագիտության տեր մարդկանց` ներառյալ գիտաշխատողներին, դասախոսներին, ուսանողներին, պետական կամ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին, ինչպես նաև սրճարանների հաճախորդներին թույլ է տալիս Wi-Fi համակարգով աշխատելու հնարավորություն ունեցող այնպիսի սարքերը, ինչպիսին նոթբուքներն են, սմարթֆոնները կամ MP3 նվագարկիչները, վերածել շարժական ինտերնետի հասանելիություն ապահովող սարքերի: Wi-Fi համակարգն ապահովում է ավելի մեծ ճկունություն և հարմարավետություն:
«Շարժական սարքերի լայն տարածումը առաջ է բերում հասարակական վայրերում` սրճարաններում, մասնավոր և պետական հաստատություններում և այլ վայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովող տեխնոլոգիաների պահանջարկ: Հասարակական վայրերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայության ապահովումով մենք հերթական քայլն ենք կատարում տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և որակյալ ծառայություններ ապահովելու ուղղությամբ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիանալի հնարավորություն ունի ապահովելու բարձր արագության ինտերնետ Wi-Fi կետերում, քանի որ ընկերության բազային կայանները համապատասխանում են 802.11b և 802.11g ստանդարտներին:










